Բաժիններ՝

Appress-ը, չDNS-ը և Babylon-ը՝ Smarter Transportation Data հեքեթոնի հաղթողներ

Optym Արմենիան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնն առաջին անգամ կազմակերպել էին  Smarter Transportation Data հեքեթոնը: Կազմակերպիչները նշում են, որ այս հեքեթոնն ամենաարդյունավետ միջոցն է տաղանդներ ներգրավելու, նրանց ստեղծագործական պոտենցիալը բացահայտելու, ոլորտով հետաքրքրված երիտասարդներին համախմբելու և շատ կարճ ժամանակահատվածում համատեղ նախագծեր իրականացնելու համար:

2-4 հոգուց բաղկացած թիմեր, ովքեր պետք է 24 ժամվա ընթացքում մշակեին և զարգացնեին նորարար գաղափարներ, առաջարկեին նոր լուծումներ՝ հաշվի առնելով էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների առկա խնդիրներն ու մարտահրավերները, օգտագործում էին հանրայնորեն հասանելի կամ Optym, Menu.am և GGTaxi ընկերությունների կողմից տրամադրված տվյալների բազաները:

Թիմերը մրցում էին երեք անվանակարգում:

Առաջին մրցանակը տրվում էր ամենանորարարական լուծում՝ ֆունկցիոնալ նախատիպով անվանակարգում: Այստեղ հաղթող է ճանաչվել չDNS թիմը: Թիմի ներկայացուցիչներն առաջարկում էին  լուծում՝ Երևանում հեծանվային տրանսպորտի համատեղ օգտագործման համար: Թիմը ստացավ 4000 դոլար մրցանակ:

Լավագույն բիզնես կոնցեպտ/գաղափար անվանակարգում  հաղթող ճանաչվեց Appress թիմը: Թիմն առաջարկում էր  ավտոմեքենային միացվող AutoPi մինի համակարգիչ: Այս համակարգիչն իրական ժամանակում որոշումներ կայացնելու համար հնարավորություն է տալիս ծանոթանալու մի շարք տվյալների: Այս անվանակարգում հաղթողի համար սահմանված էր 2500 դոլար մրցանակ:

Հայաստանի համար ամենաարժեքավոր լուծումն առաջարկեց  Babylon թիմը, որն առաջարկում էր մեքենայական ուսուցման վրա հիմնված խելացի առաքման եղանակ: Թիմը ստացավ մրցանակ՝ 1500 դոլարի չափով:

Հիշեցնենք, որ միջոցառման գլխավոր հովանավորն էր Optym Արմենիան, իսկ աջակիցը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Հեքեթոնի նպատակն էր՝ գեներացնել նոր մտքեր և նպաստել ֆունկցիոնալ նախատիպերով նորարար լուծումների ստեղծմանը տրանսպորտի ոլորտում՝ օգտագործելով ոլորտի առաջատար ապրանքանիշերի կողմից տրամադրված բազմազան տվյալների բազաներ, API-ներ և սարքավորումներ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս