Թուրքիայում ձերբակալված իտալացի լրագրողը բանտում հացադուլ է սկսելու
Թուրքիայի Հաթայ նահանգում ապրիլի 9-ին ձերբակալված և արդեն 10 օր կալանքի տակ պահվող իտալացի լրագրող Գաբրիել դել Գրանդեն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի հետ: Ինչպես հաղորդում է «Ակոս» պարբերականը, լրագրողը հայտնել է, որ ապրիլի 19-ի երեկոյից հացադուլ է սկսում:
Դել Գրանդեն հայտնել է, որ իր վիճակը լավ է, սակայն առգրավվել են իր անձնական իրերը, թույլ չեն տալիս հանդիպել փաստաբանի կամ որևէ մեկի հետ:
«Այս պահին, երբ խոսում եմ քեզ հետ, չորս ոստիկան ինձ է հետևում: Փաստաթղթերս համապատասխանում են կանոններին, սակայն թույլ չեն տալիս փաստաբան նշանակել, նաև տեղեկություն չեն տալիս, թե կալանքիս ժամկետը երբ է ավարտվում»,-ասել է դել Գրանդեն:
Գաբրիել դել Գրանդեն ժամանել էր Թուրքիա` պատրաստելու ռեպորտաժներ Սիրիայում քաղաքացիական պատերազմի և «Իսլամական պետություն» խմբավորման առաջացման մասին հրատարակվելիք գրքի վերաբերյալ: Իտալիայի իշխանությունները, որոնք հետևում են իրենց քաղաքացու դրությանը, քայլեր են ձեռնարկում նրան ազատ արձակելու նպատակով։