Ծրագրավորման մեկամյա անվճար դասընթացներ՝ ուսանողների համար
Հայկական Ծրագրեր ընկերությունը, OMD ընկերության հետ համատեղ, կազմակերպում է անվճար դասընթացներ` ինֆորմատիկա մասնագիտացմամբ ուսանողների համար:
Այս դասընթացների նպատակն է՝ բարձր առաջադիմությամբ ուսանողներին հնարավորություն ընձեռել պատշաճ ծավալով և որակով սովորելու ծրագրավորման բակալավրիատի առարկաները:
Դասընթացների կազմակերպիչները նշում են, որ իրենց կարծիքով՝ Ինֆորմատիկայի ֆակուլտետների շրջանավարտները ծրագրավորման առարկաներից չեն ստանում անհրաժեշտ խորությամբ գիտելիքներ: Արդյունքում՝ ուսանողները դժվարություն են ունենում աշխատանք որոնելիս, իսկ ընկերությունները ստիպված են լինում նույնիսկ բարձր առաջադիմությամբ ուսանողների հետ երկարատև ուսուցում անցկացնել:
«Բոլոր առարկաների դասավանդման ծրագիրը մշակելիս մանրամասնորեն հետազոտել ենք արտասահմանյան հեղինակավոր բուհերում տվյալ առարկաների դասընթացները:
Ընկերություններից հրավիրել ենք դասավանդելու աշխատանքային հարուստ փորձ ունեցող, առաջատար մասնագետների և բուհերի լավագույն դասախոսների»,- նշում են դասընթացների կազմակերպիչները:
Դիմել կարող են բակալավրատի առաջին կուրսն ավարտող (և ավելի բարձր) ուսանողները: Դասերը կսկսվեն սեպտեմբերին: Կազմակերպիչները նշում են, որ դասերը լինելու են ինտեսիվ, ուսանողներին տրվելու են տնային հանձնարարություններ, և նրանցից պահանջվելու է պարտաճանաչ հաճախել դասերին և կատարել առաջադրանքները:
Դիմումների վերջնաժամկետը ապրիլի 27-ն է: Հայտը հասանելի է հետևյալ հղումով.
Սիրարփի Աղաբաբյան