Բաժիններ՝

Brexit­-ի շուրջ բանակցությունները կսկսվեն հունիս ամսվա ընթացքում. Եվրահանձնաժողով

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ բանակցություններն սկսվելու են հունիս ամսվա ընաթացքում: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:

«Բանակցությունները կսկսվեն հունիս ամսվա ընթացքում»,­-ասել է նա լրագրողներին Բրյուսելում: Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ապրիլի 18­-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Brexit-­ի շուրջ բանակցություններն սկսել Միացյալ Թագավորությունում հունիսի 8­-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

Նախօրյակին վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է հունիսի 8­-ին երկրում վաղաժամկետ համընդհանուր ընտրություններ անցկացնելու որոշման մասին: Նա այդ քայլի պատճառ է նշել Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ առաջիկա բանակցությունները, որտեղ, նրա խոսքով՝ կառավարությունը պետք է առավելագույնս ուժեղ լինի:

Որպեսզի ժողովրդական նոր կամաարտահայտման մասին որոշումն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է, որ այն պաշտպանի Համայնքների պալատի պատգամավորների երկու երրորդը: Ժողովրդական ընտրյալների քվեարկությունը պետք է կայանա ապրիլի 19-­ին: Ինչպես սպասվում է, Մեյը աջակցություն կստանա, քանի որ հիմնական կուսակցությունները հանդես են եկել վաղաժամկետ ընտրությունների անցկացման օգտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս