Հայտնի են Շուշիի Վերին մզկիթում իրականացրած հնագիտական պեղումների նախնական արդյունքները
Շուշիի Վերին մզկիթում իրականացրած հնագիտական պեղումների արդյունքում իսլամական գերեզմանատան տապանաքարեր են հայտնաբերվել, որոնք հիմնականում թվագրվում են 1905-06 թվականներ:
Ներկայացնելով մզկիթում իրականացված հնագիտական պեղումների արդյունքները «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ այս մասին ասել է Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, հնագիտական արշավախմբի ղեկավար Նժդեհ Երանյանն:
«Մզկիթը կառուցվել է 1883թ: Խորհրդային միության տարիներին՝ 1970-ակն թվականներին իրականացվել են վերականգնողական աշխատանքներ, որի արդյունքում հիմնականում փոփոխությունների են ենթարկվել մզկիթի բակը և հարակից տարածքը: Մեր պեղումները ընթացել են այս տարվա մարտի 21-ից ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում: Պեղումները իրականցվել են երեք հատվածներում՝ մզկիթի արևմտյան և արևելյան տապանաբակերում, ջրավազանի շրջակայքում և մեդրեսեում (իսլամական ուսումնական հաստատություն, որը կատարում է միջնակարգ դպրոցի և իսլամական հոգևոր ճեմարանի դեր)»,- ասել է Ն. Երանյանը:
Հնագիտական արշավախմբի ղեկավարի խոսքով, պեղումների արդյունքում հայտնաբերվել է սալահատակ տարածություններ և ջրավազանի տարբեր ժամանակահատվածի խողովակներ, ինչպես նաև աղյուսաշեն կառույց, որը նախնական ուսումնասիրություններով ջրամբար է: