Ինչ կարգախոսներով են Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու առաջադրված քաղաքական ուժերը
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ապրիլի 21-ին կմեկնարկի նախընտրական քարոզարշավը, որի ընթացքում ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը մայրաքաղաքի բնակիչներին կներկայացնեն Երևանի զարգացման իրենց տեսլականն ու ծրագրերը:
Քարոզարշավի մեկնարկին ընդառաջ «Արմենպրես»-ը փորձել է պարզել, թե ինչ կարգախոսներով են Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու առաջադրված քաղաքական ուժերը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Հանուն Երևանի» կարգախոսով: Կուսակցության նախընտրական ծրագիրը կհրապարակվի ապրիլի 21-ին` քարոզարշավի մեկնարկի օրը: «Օրենքով սահմանված ժամկետներում կհրապարակենք մեր ծրագիրը, որը կտեղադրվի մեր կայքում»,- ասաց Թադևոսյանը:
Նա նշեց, որ ինչպես խորհրդարանական ընտրությունների դեպքում, այնպես էլ Երևանի ավագանու ընտրությունների համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առանձին կայք է ունենալու: Թե ինչպես է կայքը կոչվելու, Թադևոսյանը չհստակեցրեց: «Դա էլ կասենք, եկեք ժամանակից առաջ չընկնենք»,- ընդգծեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահը:
«Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 6-րդ համար Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ դաշինքն ընտրություններին մասնակցելու է «Երևան ջան, ելք կա» կարգախոսով: «Կարգախոսն արդեն որոշել ենք, իսկ դաշինքի նախընտրական ծրագիրը կհրապարակենք մոտ օրերս»,- նշեց Ալեն Սիմոնյանը:
«Ելք» դաշինքն արդեն սկսել է նաև քարոզչական տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Տեսահոլովակում դաշինքի ներկայացուցիչները կատարելու են Երևանի օրհներգ «Էրեբունի-Երևան» երգը: Տեսահոլովակում երգելու է նաև դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում ինչպես կուսակցության կարգախոսը, այնպես էլ նախընտրական ծրագիրը կհրապարակի նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը` ապրիլի 21-ին: Կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը վստահեցնում է, որ իրենց ծրագիրն էականորեն տարբերվում է անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտում եղած քաղաքական ուժերի ծրագրերից: Կուսակցության գործունեության առանցքում լինելու է Հայաստանի հանրային կյանքի բոլոր ոլորտներում սփյուռքահայության անմիջական մասնակցության ապահովումը:
Երևանի ավագանու ընտրությունները կկայանան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը, և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք» դաշինքի ցուցակը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ &la quo;Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակի առաջին համարն ու քաղաքապետի թեկնածուն կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն է, ով բոլորովին վերջերս լքել է «Ժառանգություն» կուսակցությունն ու ստեղծել է իր քաղաքական ուժը:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրած տվյալների համաձայն` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 841 հազար 973 ընտրող: