Թուրք գրողը բացահայտում է հրեաների հետապնդումները Թուրքիայում

Israel National News-ը հրապարակել է թուրք լրագրող Ուզեյ Բուլութի չափազանց հետաքրքիր հոդվածը հետապնդումների և խտրականության մասին, որոնց ենթարկվել են Թուրքիայի հրեաները 1923 թ. Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ի վեր:

Սա կարևոր բացահայտում է, քանի որ Թուրքիայի կառավարությունը տասնամյակներ շարունակ մեծ ջանքեր է գործադրել միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար, որ Թուրքիայում մեծ հանդուրժողականություն կա հրեաների հանդեպ և նրանք ապրում են մի ժողովրդավարական հասարակությունում, որտեղ պաշտպանված են նրանց քաղաքացիական և կրոնական իրավունքները: Թուրքական այս քարոզարշավը երկու նպատակ է հետապնդում՝ գոհացնել Իսրայելի ղեկավարներին և Ամերիկայի հրեաներին, որպեսզի նրանք պաշտպանեն թուրքական շահերը Վաշինգտոնում և ստանալ ամերիկացի հրեաների քաղաքական լոբբինգի աջակցությունը Վաշինգտոնում՝ հակազդելու Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերին:

Թուրքիայի կառավարությունը 1992 թ. մեծ շուքով ոգեկոչեց Իսպանիայից հրեաների փախուստի և Թուրքիա տեղափոխվելու 500-ամյակը: Անկարան այս կեղծ պատմության քարոզչության մեջ ներգրավեց հրեական համայնքի բազմաթիվ առաջնորդների, այդ թվում՝ գլխավոր ռաբբիին: Երբ այն ժամանակ ես մի խմբագրական գրեցի, բացահայտելով այդ տոնակատարության կեղծիքները, մի նամակ ստացա ոգեկոչման միջոցառումների ղեկավարի կողմից հետևյալ հարցադրմամբ՝ ինչու եմ ուզում ստվեր գցել իրենց տոնակատարության վրա: Հետաքրքիր է, որ հրեա ղեկավարը չէր վիճարկել իմ հոդվածում ներկայացված փաստերը՝ Օսմանյան կայսրությունում դարեր շարունակ հրեաների հետապնդման վերաբերյալ:

Բուլութի հոդվածը կարևոր է, որովհետև այն նկարագրում է հրեաների հետապնդումները ոչ թե դարեր առաջ, այլ մեր օրերի «ժամանակակից» Թուրքիայում… Հոդվածն սկսվում է թուրքական «Միլիյեթ» թերթի մի նյութից, որը տեղեկացնում է, որ տասնյակ պատմական սինագոգեր «հավերժ անհետանալու վտանգի տակ են հայտնվել»: Այդ սինագոգերի անհետացման հիմնական պատճառներից մեկը Թուրքիայի հրեական համայնքի մեծ մասի փախուստն է երկրից՝ փրկվելու «համակարգված խտրականությունից և բռնի թուրքացման ու իսլամացման քաղաքականությունից»: Բուլութը տեղեկացնում է, որ 1923թ. Թուրքիայի Հանրապետության սկզբին, երկրում կար 81 454  հրեա: Այդ թիվը նվազել է և հիմա «ավելի քիչ է, քան 15 հազարը»: Համաձայն Բուլութի՝ հրեական դպրոցներից վերջինը փակվել է թուրքական կառավարության կողմից 1937 թվականին:

Ստորևէ ներկայացված է հրեաների և ոչ թուրք փոքրամասնությունների դեմ վերջին տասնամյակներում թուրքական հետապնդումների և խտրականության գլխավոր դրվագների ցանկը, որը կազմել է թուրք լրագրող Բուլութը.

– 1934 թ.ընդունված «Ընտանիքի մասին» թուրքական օրենքն ստիպում էր հրեաներին և ոչ թուրքերին հրաժարվել իրենց ազգային անուններից և ընդունել թուրքական հնչեղության անուններ:

– «Հրեաները զրկվել են իրենց ազատ տեղաշարժի իրավունքից առնվազն երեք անգամ՝ 1923, 1925 և 1927 թվականներին»: Բուլութը նաև նշում է, որ «Հոլոքոստի ժամանակ, Թուրքիան իր դռները բացեց շատ քիչ թվով հրեաների և քաղաքական փախստականների առջև և նույնիսկ քայլեր ձեռնարկեց կանխելու հրեաների ներգաղթը 1937 թվականին»:

– Ատելության քարոզը և հակասեմական մեկնաբանությունները լայն տարածում ունեն թուրքական հասարակության մեջ և լրատվամիջոցներում: Թուրքիայի Հանրապետությունում արգելված է հրեական համայնքի կողմից Իսրայելի աջակցությանն ուղղված գործունեությունը:

– Թուրքական կառավարությունը գաղտնի կոդային թվերով նշել է հրեական, հայկական և հունական ծագում ունեցող անձանց: Այսպիսով կառավարությունը կարող է անհրաժեշտության դեպքում հետևել նրանց և բացահայտել նրանց տվյալները:

– «Օրենքներ, որոնք արգելեցին հրեաներին և մյուս ոչ մահմեդականներին որոշակի մասնագիտություններ ընտրել». Թուրքիայի Հանրապետությունը արգելեց փոքրամասնություններին պետական պաշտոններ զբաղեցնել: Ըստ Բուլութի՝ «հազարավոր ոչ մահմեդականներ կորցրեցին իրենց աշխատատեղերը»:

– Արգելք հասարակական վայրերում թուրքերենից բացի այլ լեզուների կիրառման: «Քաղաքացին խոսում է թուրքերեն» արշավն սկզբնական տարիներին հիմնականում թիրախավորել էր հրեական համայնքը՝ համաձայն թուրքական հրեաների ականավոր մասնագետ Ռիֆաթ Բալիի:

– «Արևելյան Թրակիայի հրեաները ջարդերի թիրախ էին դարձել 1934 թ. հունիսի 21-ից հուլիսի 4-ը: Դրանք սկսվեցին հրեական բիզնեսը բոյկոտելով, որին հետևեցին ֆիզիկական հարձակումները հրեաներին պատկանող շենքերի վրա, որոնք սկզբում թալանվում էին, իսկ հետո կրակի մատնվում: Հրեա տղամարդկանց ծեծում էին, իսկ որոշ հրեա կանանց՝ բռնաբարում: Իրադարձությունների նման ընթացքից ահաբեկված՝ ավելի քան 15 հազար հրեա լքեց տարածաշրջանը»:

– Ոչ մահմեդականների զորակոչը թուրքական բանակ (1941-42): «1941 թ. ապրիլի 22-ին, 12 հազար ոչ մահմեդական (հայտնի նաև որպես «քսան դասեր»), ներառյալ հրեա տղամարդիկ, նույնիսկ կույր և հաշմանդամ, զորակոչված էին: Սակայն ակտիվ ծառայությամբ զբաղվելու փոխարեն, նրանց ուղարկում էին աշխատանքային գումարտակներ, սարսափելի պայմաններում կառուցելու ճանապարհներ և օդանավակայաններ: Այդ անտանելի պայմաններից նրանց մի մասը մահանում էր, մյուսներն էլ վարակվում տարբեր հիվանդություններով»:

– «1942 թ. նոյեմբերի 11-ին, Թուրքիայի կառավարությունը օրենք ընդունեց «Ունեցվածքի հարկի մասին», որը հարկ վճարողներին բաժանում էր չորս խմբի, ըստ իրենց կրոնական պատկանելության՝ մահմեդականներ, ոչ մահմեդականներ, հավատափոխներ («դյոնմե»), այսինքն Sabbatean աղանդի հրեաներ, որոնք ընդունել են իսլամը, և օտարերկրյա քաղաքացիներ: Թուրք մահմեդականների միայն 4.94 տոկոսն է ստիպված եղել ունեցվածի հարկ վճարել: Հրեաներից հետո ամենածանր հարկերը դրված էին հայերի վրա: Մտավորական Բասաք Ինչեի խոսքերով՝ «հիմնական նպատակը փոքրամասնություններին տնտեսությունից հեռացնելն էր, և ոչ մահմեդական բուժուազիայի փոխարինումը նրանց թուրք գործընկերներով»:

– «1955 թ. սեպտեմբերի 6-7-ին, ոչ մահմեդական համայնքների դեմ Ստամբուլում կառավարության հրահրած հարձակումների ժամանակ, թուրք խուժանը ավերեց քաղաքի հունական, հայկական և հրեական թաղամասերը, ոչնչացնելով և թալանելով նրանց սրբավայրերը, տները, ձեռնարկությունները, գերեզմանոցները և դպրոցները:

– «Հրեաների սպանությունները. երբ 2003 թ. օգոստոսի 2-ին, Ստամբուլի Շիշլի թաղամասի իր գրասենյակում դաժանաբար սպանվեց 39-ամյա հրեա ատամնաբույժ Յազեֆ Յահյան, Ստամբուլում բազմաթիվ հրեա իրավաբաններ և բժիշկներ հանեցին իրենց գրասենյակների ցուցանակները՝ Յահյայի ճակատագրին չարժանանալու համար»:

Հրեաների և մյուս փոքրամասնությունների շարունակական հետապնդումների և հալածանքների այս ցանկը պետք է ուղարկվի միջազգային լրատվամիջոցներին ամեն անգամ, երբ թուրքական կառավարությունը խեղաթյուրում է իր չարագործությունների երկար ցանկը Թուրքիայում հրեական համայնքի նկատմամբ վատ վերաբերմունքի մասին:

Ամոթալի է, որ Իսրայելի կառավարությունը նույնիսկ քննադատական մի բառ չի ասում Թուրքիայում իր հրեա հայրենակիցների նման հետապնդումներին ի պատասխան: Ընդհակառակը, իսրայելցի պաշտոնյաները, վախկոտի պես ենթարկվում են Թուրքիայի ճնշումներին՝ ժխտելու Հայոց ցեղասպանությունը և արգելելու մարդկության դեմ այս հանցագործությունը Իսրայելի հեռուսատատեսությամբ և գիտաժողովներում:

Հարութ Սասունյան      
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տեսանյութեր

Լրահոս