
«Ադրբեջանը փորձեց ուժով տիրանալ Լեռնային Ղարաբաղին». Ֆիյոնը՝ ապրիլյան պատերազմի մասին

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի առնչությամբ: Այս մասին Ֆիյոնը նշել է Nouvelles d’Armenie-ն տված հարցազրույցում:
«2016թ. ապրիլին Հարավային Կովկասը վեց օր շարունակ նորից բռնկվեց: Հանդիպելով միջազգային անտարբերությանը` Ադրբեջանը փորձեց ուժով տիրանալ Լեռնային Ղարաբաղին»,- նշել է Ֆիյոնը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածուի խոսքով` այդ երկրի հայկական ծագմամբ քաղաքացիներն անհանգստացած են ստեղծված իրավիճակով: «Ես նույնպես անհանգստացած եմ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանը պայթյունավտանգ է: Չպետք է մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը Ստալինի պատճառով է, ով 1921թ. տարածաշրջանը կամայականորեն անջատել է Հայաստանից` հօգուտ Ադրբեջանի: Ներկայումս այլ տարբերակ չկա, քան խաղաղ և տևական լուծում գտնելը»,- ամփոփել է Ֆիյոնը: