«Վաղաժամկետ ընտրությունների անցկացումը չի ազդի Brexit-ի գրաֆիկի վրա». Մեյ
Մեծ Բրիտանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը չի ազդի ԵՄից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit-ի) գրաֆիկի վրա: Այդ մասին հայտնել է վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Brexit-ը «կընթանա իր կարգով, ճիշտ այնպես, ինչպես կա»: Դաունինգսթրիթում վարչապետի դիվանատան աշխատակիցն ընդգծել է, որ պաշտոնյաները շարունակում են աշխատել հանրակցությունից երկրի դուրս գալու գրաֆիկի կատարման վրա:
Նա նաեւ հավելել է, որ վարչապետը նախարարների կաբինետի անդամների լիակատար աջակցությունն է ստացել վաղաժամկետ ընտրությունների հարցում, ինչպես նաեւ այդ որոշման մասին հեռախոսով ծանուցել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն եւ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին, Ապրիլի 18-ին ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն հայտարարել է, որ հունիսի 8ին կկայանան վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ:
Մեծ Բրիտանիան Brexit-ի մասին որոշումից հետո որոշակիության, կայունության եւ ուժեղ ղեկավարության կարիք ունի, ուստի եւ անհրաժեշտ է անցկացնել վաղաժամկետ ընտրություններ, ասել է նա: Մեյը հավելել է, որ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում Մեծ Բրիտանիան կլքի Եվրամիությունը, «հետդարձի ճանապարհ չկա»: Ավելի վաղ պլանավորվում էր ընտրություններն անցկացնել 2020 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: