«Թուրքիան բավական անկանխատեսելի է». Բագրատ Էստուկյան
Թուրքիան դարձել է բավական անկանխատեսելի երկիր, արտաքին քաղաքական գործընթացներում կայունություն չկա: Այս մասին նշեց Երևանում կազմակերպված քննարկմանը տեսակապի միջոցով միացած «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
«Այսօր դժվար է ասել, թե սահմանադրական բարեփոխումներից հետո Թուրքիայի վարած քաղաքականությունն ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա: Նախորդ տարիների զարգացումները, Էրդողանի գործողություններն ու հայտարարությունները ցույց տվեցին, որ Թուրքիան բավական անկանխատեսելի է»,- ասաց Բագրատ Էստուկյանը
Այն, որ սահմանադրական հանրաքվեն կազդի Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա, ըստ թուրքագետ Լևոն Հովսեփյանի, միանշանակ է: Նա նշեց, որ կառավարման համակարգի փոփոխությունից զատ պետք է դիտարկել նաև իշխանությունների համակարգը, որի գագաթին Էրդողանն է: Նրա ձեռքում է կենտրոնանում որոշումների կայացման գործընթացը: Դա էլ ծնում է անկանխատեսելիություն:
«Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերություններին, ապա, կարծում եմ, որ այդ գործընթացները հուսադրող չեն: Հետագայում հարաբերություններում առկա լարվածությունը կշարունակվի»,-ասաց նա:
Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի արտաքին քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Դիանա Յայլոյանն էլ նշեց, որ Թուրքիան նպատակ է դրել մինչև 2023 թվականը դառնալ աշխարհի առաջատար տնտեսություն ունեցող 10 երկրներից մեկը: Հետևաբար, կարևոր է հարաբերությունների զարգացումը թե Ռուսաստանի, թե Արևմուտքի հետ: Թե այս համատեքստում առաջիկայում ինչ զարգացում կգրանցվի, փորձագետները դժվարանում են կանխատեսել: