Ամերիկացիների կեսից պակասն է վստահ, որ Թրամփը կկատարի նախընտրական խոստումները. Gallup
Ամերիկացիների շուրջ 45 տոկոսը վստահ է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կկատարի այն խոստումները, որոնք նա տվել է նախընտրական պայքարի ընթացքում: Այդ մասին վկայում են հարցման տվյալները, որոնք ապրիլի 17-ին հրապարակել է Gallup հետազոտական ընկերությունը:
Մինչդեռ այս տարվա փետրվարին հարցման մասնակիցների 62 տոկոսն էր հաստատական պատասխան տվել այն հարցին, թե Թրամփը կկարողանա արդյոք կյանքի կոչել իր նախընտրական ծրագիրը: Այսպիսով՝ հարցվածների 17 տոկոսը վերջին երկու ամսվա ընթացքում այլեւս վստահություն չունի երկրի նախագահի նախընտրական խոստումների նկատմամբ:
Ինչպես պարզել են Gallup-ում, բացի այդ, 7 տոկոսով նվազել է այն ամերիկացիների թիվը, որոնք հակված են ի դեմս Դ. Թրամփի տեսնել «ուժեղ եւ վճռական առաջնորդի»: Նաեւ ավելի ու ավելի փոքր թվով հարցվածներ են կարծիք հայտնում, որ նա է հենց այն մարդը, «որը կկարողանա երկրի համար անհրաժեշտ փոփոխություններ կատարել»:
Միեւնույն ժամանակ հարցվածների 42 տոկոսը հայտարարել է, որ Թրամփը կարող է արդյունավետ կառավարել երկիրը այն դեպքում, երբ փետրվարին այդ ցուցանիշը կազմում էր 44 տոկոս: Բացի դրանից, պարզվել է, որ հենց կանայք եւ 18-ից մինչեւ 34 տարեկան մարդիկ են ամենից քիչ վստահությոն տածում ԱՄՆ-ի նախագահի նկատմամբ: Հարցումն անցկացվել է 2017 թվականի ապրիլի 5-ից մինչեւ 9-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: