Թուրքիայում հանրաքվեն անցկացվել է անհավասար պայմաններում. միջազգային դիտորդների գնահատական
Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացված սահմանադրական հանրաքվեն անց է կացվել երկու կողմերի համար անհավասար հնարավորությունների պայմաններում: Այս մասին ասվում է միջազգային դիտորդների կողմից հրապարակված հայտարարության մեջ:
«Ընդհանուր առմամբ հանրաքվեն չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Իրավական շրջանակն անբավարար է եղել ժողովրդավարական գործընթաց անցկացնելու համար», նշել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաքելության ղեկավար Սեզար Ֆլորին Պրեդան:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ առաքելության ղեկավար Տանա դե Զուլուետան նշել է, որ հանրաքվեն անց է կացվել այնպիսի քաղաքական միջավայրում, որտեղ հիմնարար ազատությունները, որոնք կարևոր են ժողովրդավարական գործընթացի համար, քողարկվել էին արտակարգ իրադրության պայմաններում: Բացի այդ, երկու կողմերը չեն ունեցել հավասար հնարավորություններ քվեարկողներին դիմելու հարցում:
«Մեր մոնիթորինգը ցույց է տվել, որ «այո»ի քարոզարշավը գերակշռել է լրատվամիջոցներում և դա ԶԼՄ-ներում առկա սահմանափակումների, լրագրողների ձերբակալությունների և լրատվամիջոցների փակման հետ մեկտեղ, սահմանափակել է քվեարկողներին հասանելիությունը տեսակետների բազմազանությանը»,-նշել է նա:
Դիտորդներն արձանագրել են, որ որոշ ընտրատեղամասերում իրենց գործունեությունն արգելվել կամ խոչընդոտվել է: