ԱՄՆ-ը և Հարավային Կորեան համատեղ ռազմաօդային զորավարժություններ են սկսել
Կորեական թերակղզու հարավ արեւմուտքում գտնվող Քունսան ամերիկյան ռազմակայանում ապրիլի 17-ին մեկնարկել է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմական օդուժի ամենամյա համատեղ զորավարժություններից մեկը:
MaxThunder զորավարժություններին, որոնք կտեւեն մինչեւ ապրիլի 28-ը, մասնակցում են շուրջ հազար ամերիկացի եւ մոտավորապես 500 հարավկորեացի զինծառայողներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ի 7-րդ օդային բանակի եւ Կորեայի Հանրապետության ռազմաօդային ուժերի տարատեսակ մարտական ինքնաթիռներ:
Զորավարժությունները տեղի են ունենում Կորեական թերակղզու շուրջը իրադրության կտրուկ սրման ֆոնին: Անցյալ շաբաթվա վերջին թերակղզու ափերին է մոտեցել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ «Կառլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ:
Միաժամանակ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներում հաղորդագրություններ են հայտնվել Միացյալ Նահանգների կողմից ԿԺԴՀ-ին հնարավոր հարվածի վերաբերյալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: