«Ելք» դաշինքի քարոզչական հոլովակում կերգի նաև Նիկոլ Փաշինյանը
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Ելք» դաշինքը նախընտրական քարոզարշավի մեկնարկին ընդառաջ սկսել է դաշինքի քարոզչական հոլովակի նկարահանման աշխատանքները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերով հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ հոլովակում «Ելք» դաշինքի անդամները կատարելու են «Էրեբունի-Երևան» երգը: Նա կատակեց, որ ռեժիսորները ժուժկալ են գտնվել, ու հոլովակում իր «հրաշալի» կատարմամբ ընդամենը մեկ նախադասություն է լինելու: «Իրականում դրա պատճառն այն է, որ մեր թիմի հնարավորինս շատ անդամներ ներկայացված լինեն հոլովակում»,- հստակեցրեց Երևանի քաղաքապետի թեկնածուն:
Նա նաև հայտնեց, որ ընթացիկ ուղիղ եթերի կադրերը ևս լինելու են հոլովակի մեջ: «Պետք է ասեմ, որ երգի ձայնային տարբերակն արդեն պատրաստ է, և շատ լավ է ստացվել: Եվ ընդհանրապես շատ կարևոր է, որ մեր մայրաքաղաքի հիմնը բոլորը երգեն, որովհետև հիմնի էությունը նրա մեջ չէ, թե ով ինչպես կերգի, այլ նրա մեջ է, որ բոլորը այն երգեն, որ այն լինի բոլորի սրտերում ու հոգիներում, լինի մարդկանց կյանքի ուղեկիցը ու դառնա քաղաքի ծաղկման սիմվոլը»,- ընդգծեց Փաշինյանը:
«Ելք» դաշինքի քարոզչական հոլովակը նկարահանվում է Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ֆոնին: Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ ինքը Երևանի քաղաքապետ ընտրվելու դեպքում իր գործունեությունն այնպես է ծավալելու, որը հարգանքի տուրք կլինի Ալեքսանդր Թամանյանին և Երևանի լավագույն քաղաքապետերին:
Դաշինքի քարոզչական հոլովակը հասանելի կլինի առաջիկա շաբաթվա ընթացքում: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այն կբարձրացնի մարդկանց տրամադրությունը: