«Ականազերծման գործողությունները հատուկ քաղաքականության ցուցիչ չեն». իրանագետ
Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը օրերս հայտնել էր, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագիրի (UNDP) հետ համագործակցությամբ շարունակում է 2016-ի գարնանը մեկնարկած ականազերծման աշխատանքները հայ-թուրքական և թուրք-իրանական սահմանին:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ ականազերծման գործողությունները հատուկ քաղաքականության ցուցիչ չեն։ 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ նման ականազերծում ընթանում է Թուրքիայի արևելյան սահմանի ողջ երկայնքով. «Այդ ականապատումը ժամանակին իրականացվել էր Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ թուրքական ուժերի ճնշիչ գործողությունների հետևանքով, և հիմա Թուրքիան այդ ամբողջ հատվածն ականազերծում է՝ տարբեր միջազգային կառույցների աջակցությամբ»։
Ըստ թուրքական «Milliyet»-ի՝ նախատեսված է 2 տարում ականներից մաքրել Հայաստանի, Իրանի ու Ադրբեջանի հետ սահմանները։ Աշխատանքներն իրականացվում են հատուկ տեխնիկայի ու վարժեցված շների օգնությամբ։ Սահմանների մաքրումը սկսվել է Արարատ լեռան լանջերից։ Նշվում է, որ Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի սահմանին կա 222 հազար ական։