Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպանությունը հարցաքննության է կանչել երեք ամսական «ահաբեկչին». Guardian
Լոնդոնում Միացյալ Նահանգների դեսպանության աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական մանկիկին, որի պապիկը սխալվել է այցագրի հարցաթերթիկը լրացնելիս եւ նշել, որ երեխան կապված է ահաբեկչական գործունեության հետ:
Այդ մասին հայտնել է բրիտանական The Guardian թերթը: Ինչպես նշել է հրատարակությունը, Հարվի Քենիոն Քեռնսը պետք է մեկներ իր կյանքում առաջին անդրծովյան ճանապարհորդության՝ թռչեր Օռլանդո, Ֆլորիդայի նահանգ, սակայն նրա պապը՝ 62-ամյա Փոլ Քենիոնը, սխալմամբ «այո» է նշել՝ թոռնիկի փոխարեն պատասխանելով «Ձգտու՞մ եք արդյոք կամ արդեն առնչություն ունե՞ք ահաբեկչական գործունեության, լրտեսության, սաբոտաժի կամ ցեղասպանության հետ» հարցին:
Դրա հետեւանքով երեխային մերժել են այցագիր տալու հարցում: Բացի դրանից, նրան հարցաքննության են կանչել ԱՄՆ-ի դեսպանատուն, եւ Փոյնթոնից (Չեշիրի կոմսություն) Լոնդոն ուղեւորությունը տեւել է տասը ժամ՝ ավելի, քան Մանչեսթերից Օռլանդո թռիչքն ինն ու կես ժամում: Ինչպես նշել է Քենիոնը, իր թոռնիկը դեսպանատանն իրեն լավ է պահել եւ ոչ մի անգամ լաց չի եղել:
«Ես չէի կարողանում հավատալ, որ նրանք չեն տեսել, որ դա պարզապես սխալմունք էր, եւ որ երեք ամսական երեխան չի կարող որեւէ մեկին վնաս պատճառել»,-հավելել է պապը: Մանի որ տղան չի կարողացել այցագիր ստանալ մինչեւ մեկնելու օրը, նրա ծնողներն ստիպված են եղել գնելու նոր տոմսեր, ինչն ընտանիքի վրա 3 հազար ֆունտ է նստել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը։