ԱՄՆ-ը և Հարավային Կորեան «հզոր պատժիչ միջոցներով» են սպառնացել ԿԺԴՀ-ին
ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան մտադիր են պատժել ԿԺԴՀ-ին հետագա «սադրանքների» դեպքում: Այդ մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, վարչապետ Հվան Գյո Անը, որը Սեուլում բանակցություններ է անցկացրել Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի հետ:
«Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ը հզոր պատժիչ միջոցներ կձեռնարկեն ԿԺԴՀ-ի հետագա սադրանքների դեպքում»,-Հվանի խոսքը մեջբերել է «Ռյոնհապ» գործակալությունը:
Նրա տվյալներով՝ վարչապետը նաեւ հայտարարել է, որ Փենսի հետ պայմանավորվել է բալիստիկ հրթիռների կալանման THAAD նորագույն համակարգի շուտափույթ տեղակայման եւ գործարկման շուրջ:
«Կորեաամերիկյան դաշինքը խաղաղության ու բարգավաճման հենարանն է Կորեական թերակղզում եւ Հյուսիսարեւելյան Ասիայում»,-ընդգծել էԷ Հվան Գյո Անը:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Մայք Փենսը ժամանել է Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ ընկած ապառազմականացված գոտու մերձակայքում գտնվող ամերիկյան ռազմակայան: Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ԿԺԴՀ-ի հետ իրադարձությունների ցանկացած զարգացման:
«Մենք ոչինչ չենք բացառում եւ շարունակում ենք ուսուսի կանգնած մնալ Հարավային Կորեայի ժողովրդի հետ»,-ընդգծել է նա: Ընդսմին նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ձգտում է իրադրությունը կարգավորել «խաղաղ միջոցներով, բանակցությունների օգնությամբ»:
Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի շուրջ հակամարտությունը կարող է սկսվել ցանկացած պահի: «Վերջին ժամանակներս վեճերը սաստկացել են: Այն տպավորությունն Է ստեղծվում, որ հակամարտությունը կարող է ծավալվել ցանկացած պահի: Եթե պատերազմ լինի, տանուլ կտան բոլորը. այդ դեպքում հաղթողներ չեն կարող լինել»,-ասել է ՉԺՀ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ նա, ով կսկսի հակամարտությունը, պետք է պատմական պատասխանատվություն ստանձնի եւ պատրաստ լինի համապատասխան գին վճարել:
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի փոխնախարար Հան Սոն Ռյոլը «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի վրա է բարդել պատասխանատվությունը Կորեական թերակղզում իրադրության սրվելու համար եւ հայտարարել է, որ ԿԺԴՀն պատրաստ է «կանխիչ հարված» հասցնել տարածաշրջանում տեղաբաշխված ամերիկյան ուժերին:
Հան Սոն Ռյոլն ասել է, որ Կորեայում ստեղծված իրադրության համար առաջին հերթին պատասխանատու է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Իր «ագրեսիվ թվիթներով» Թրամփը «տհաճություններ է ստեղծում»,-նշել է նա:
«Թրամփը մշտապես սադրանքներ է հրահրում իր ագրեսիվ հայտարարություններով… Ուստի խնդիրներն ստեղծում են հենց Թրամփն ու ԱՄՆ-ը, այլ ոչ թե ԿԺԴՀ-ն», հայտարարել է դիվանագետը:
«Եթե ԱՄՆ-ը խելացնոր զորաշարժեր սկսի , ԿԺԴՀ-ն կպատասխանի կանխիչ հարվածով… մեր տրամադրության տակ արդեն կա զսպման հզոր միջուկային գործիք, եւ մենք, իհարկե, ձեռքներս ծալած չենք նստի ու սպասի ԱՄՆ-ի կանխիչ հարվածին»,-հավելել է դիվանագետը:
Ավելի վաղ NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզական միության մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների, հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է կանխիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ռազմական օբյեկտներին, եթե հասկանալի դառնա, որ Փենյանը պատրաստվում է կատարել միջուկային զենքի հերթական փորձարկումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: