Ի՞նչ է վախը. վախի հոգեբանական բնութագիրը

Ֆոբիա  (հունարեն՝  φόβος – «վախ»), իռացիոնալ անկառավարելի  վախ  կամ տարատեսակ վախերի համառ դրսևորում:  Հոգեբուժության  մեջ ընդունված է ֆոբիա անվանել վախի հիվանդագին ուժեղացված դրսևորումն այս կամ այն գրգռիչի նկատմամբ: Ֆոբիան խիստ արտահայտված, համառ ու կպչուն վախն է, որն անդառնալիորեն սրվում է որոշակի իրավիճակներում և չի ենթարկվում ամբողջական տրամաբանական բացատրության: Ֆոբիայի զարգացման արդյունքում մարդը սկսում է վախենալ և հետևաբար՝ խուսափել որոշակի առարկաներից, գործունեության տեսակից կամ իրավիճակից:

Մենք չենք կարող լիովին ազատվել վախի զգացումից: Հենց այդ զգացումն է ամենաուժեղ գործոններից մեկը, որը խանգարում է մարդուն մինչև վերջ բացահայտել իր ներուժը և հաջողությունների հասնել: Սեփական վախը հաղթահարել կարողանալու համար պետք է իմանալ՝ ինչպիսին է այն: Ով նախազգուշացված է՝ նա զինված է:

Վախի կենսաբանական նշանակությունը

Ծայրահեղ իրավիճակներում վախը մոբիլիզացնում է մարդու բոլոր ուժերն ակտիվ գործողությունների համար: Նման պահերին արյան մեջ ադրենալինի ուժեղ արտանետում է լինում, և մկանային հյուսվածքն արյան հետ ավելի շատ թթվածին  ու սննդարար նյութեր է ստանում:

Շատ հնարավոր է, որ յուրաքանչյուր ոք վախենալիս կրծքավանդակում ծանրության զգացում է ունենում: Բացի դրանից, սթրեսային իրավիճակում մարդու դեմքը խիստ գունատվում է: Դա տեղի է ունենում, որովհետև արյունը մաշկից ու ստամոքսից ուժեղ հոսքով «գնում» է դեպի մկանները:

Վախի զգացումը մարդուն օգնում է արագ ռազմավարական որոշումներ ընդունել ինֆորմացիայի պակասի դեպքում: Հաղթահարելով վախը՝ ամեն մարդ իր նոր հնարավորություններն  է հայտնաբերում և սկսում է կյանքն ընկալել այլ տեսանկյունից: Նա սովորում է գնահատել կյանքն իր բոլոր դրսևորումներով, շրջակա աշխարհը նրա համար ավելի վառ գույներ է ստանում, յուրաքանչյուր իրավիճակ գնահատվում է վախի զգացման հաղթահարման տեսանկյունից:

Ինչպիսի՞ն է լինում վախը

Իրական վախ.  մարդու ռեակցիան է արտաքին վտանգի հանդեպ: Այդ վախը ենթագիտակցական մակարդակում կա յուրաքանչյուրի մոտ, և այն ազդանշանային գործառույթ ունի. վտանգը շատ մոտ է, հարկ է կենտրոնացնել օրգանիզմի պահեստային ուժերը՝ պաշտպանության պատրաստ լինելու համար:

Նյարդային վախ. հաճախ լինում է առանց որևէ պատճառի, բայց երբեմն դրա դրսևորումը կախված է լինում որոշակի իրավիճակից և օբյեկտից: Նյարդային վախ ունեցող մարդիկ միշտ սպասում են ամենավատ բանին և ապրում են ցանկացած պահի դժբախտության մշտական սպասումով:

Նյարդային վախը հոգեսոմատիկ ախտընթաց է, այսինքն՝ միաժամանակ և´ ֆիզիկական է, և´ հոգեբանական: Վախի ֆիզիկական դրսևորումը կարող է արտահայտվել ուժեղ սրտխփոցով, շարժողական անհանգստությամբ կամ դողով, սառը քրտինքով, բերանում չորության զգացումով, լուծով:

Տարբեր ֆոբիաներ. ֆոբիան անիրական վախն է, որը շատ խիստ խանգարում է բնականոն ապրելուն, աշխատելուն, մարդկանց հետ շփվելուն: Ցանկացած վախ կարող է պայմանավորված լինել որոշակի օբյեկտով կամ իրավիճակով:

Տարբեր ֆոբիաները սովորական վախերից տարբերվում են ոչ թե իմաստով, այլ ինտենսիվությամբ: Եթե մարդը, որ տառապում է ինչ-որ մի ֆոբիայով, իր վախի առարկային հազվադեպ է հանդիպում, ապա այն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում: Բայց եթե վախի պատճառը հաճախ է հանդիպում, ապա այն կարող է կյանքը փչացնել:

Մենության վախ. որքան մարդը շատ է ինքնամփոփ դառնում և մարդկանցից հեռու մնում, այնքան շատ է նա իրեն դատապարտում մեկուսացման վտանգին: Դա վախի շատ տարածված տեսակ է, որը մարդուն ստիպում է նույնիսկ երբեմն շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր նրա համար տհաճ են:

Հասկանալի է, որ մարդը երբեմն ցանկանում է միայնակ մնալ և հանգստանալ շրջակա իրարանցումից: Բայց եթե առանձնացումը երկար է տևում, մարդուն սկսում է պարուրել վախը, թե նա այս աշխարհում արդեն ոչ ոքի պետք չէ: Մարդն ինքնին սոցիալական էակ է և ցանկանում է սիրված, գնահատված լինել, որպեսզի իրեն հասարակության լիիրավ անդամ զգա:

 Վստահության վախ. եթե մարդն ինչ-որ մեկի առջև բացում է իր հոգին, այնուամենայնիվ, ներքուստ անհանգստանում է. «Իսկ ես ճի՞շտ եմ վարվում, որ այս մարդուն վստահում եմ: Իսկ նրան հավատալ կարելի՞ է»: Այս նույն վախը պարուրում է մարդուն, երբ նա սիրահարվում է կամ հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ համակրանք է զգում:

Փոփոխությունների վախը.  ցանկացած մարդ էլ գիտի, որ այս աշխարհում ոչ մի բան անփոփոխ չէ, ամեն ինչ էլ վաղ թե ուշ փոխվում է: Եվ բոլորն էլ, առանց բացառության, վախենում են փոփոխություններից, որովհետև ցանկացած փոփոխություն սպառնում է իր անհայտությամբ:

Շատ հաճախ մարդիկ ամեն տեսակի նորույթ որոշակի վերապահությամբ են ընդունում, քանի որ դրա մեջ որոշակի վտանգ ու սպառնալիք են տեսնում: Երբեմն հայտնի չի լինում, թե ինչ կբերի իր հետ փոփոխությունը, որտեղ կարող է թաքնված լինել վտանգը և, ամենակարևորը, ինչպես հարկ կլինի պաշտպանվել դրանից:

Կախվածության վախ.  ապրելով հասարակության մեջ՝ մարդը կախված է լինում նրա օրենքներից, դրույթներից, ավանդույթներից: Որքան շատ է նա ցանկանում ազատվել հասարակության «լծից», այնքան սուր կերպով է ընկալում, որ դա անհնարին է:

Քանի որ ապրելակերպը կախված է շրջակա միջավայրից, տարբեր հանգամանքներից, ի վերջո, այլ մարդկանցից, մարդը մշտապես ապրում է այն վախով, թե պետք է «ենթարկվել ընդհանուր կարգուկանոնին», իսկ եթե նա դա չի ցանկանում, ապա սկսվում է ներքին պայքարը:

Տեսանյութեր

Լրահոս