
Լիլիթ Մկրտչյանն առաջին հաղթանակը տարավ Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի անհատական առաջնությունում, որը տեղի է ունենում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում:
Այսօր տեղի ունեցավ 4-րդ տուրը, որտեղ Լիլիթ Մկրտչյանը տոնեց առաջին հաղթանակը՝ սպիտակներով պարտության մատնելով Թուրքիայի ներկայացուցիչ Սիլա Չագլարին: Միավոր վաստակեց նաև Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը, ով հաղթեց բելառուսցի Օլգա Բադելկային:
Մեր առաջատար շախմատիստուհին՝ Էլինա Դանիելյանի և լատվիացի գրոսմայստեր Իլզե Բերզինայի միջև պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Նա դեռևս կես միավորով ետ է մնում առաջնության առաջատարներից: Իսկ ահա Լիլիթ Գալոյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և բավական զիջեց դիրքերը: