
Էրդողանը բացառել է գերմանացի լրագրողի արտահանձնումը Գերմանիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է գերմանական Die Welt պարբերականի ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելի արտահանձնումը Գերմանիային: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Անդրադառնալով Գերմանիայի կառավարության կողմից լրագրողին իրենց հանձնելու մասին պահանջներին` Թուրքիայի նախագահն ասել է.
«Քանի դեռ ես զբաղեցնում եմ այս պաշտոնը, նման բան չի լինի: Ինչպես որ նրանք մեզ են վերաբերվում, նույն վերաբերմունքն էլ մեզնից կտեսնեն: Նրանցից ցանկացած մեկը, եթե մեր ձեռքն ընկնի, նույն վերաբերմունքը կտեսնեն»:
Էրդողանը Die Welt պարբերականի լրագրող Յուջելին կրկին «լրտես ահաբեկիչ» է անվանել: Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին:
Փետրվարի 14-ին նա ձերբակալվել, ապա փետրվարի 27-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին
ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»:
Ինքը` լրագրողը, հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները: Գերմանիայի իշխանությունները բազմիցս հորդորել են թուրքական կողմին ազատ արձակել լրագրողին և չխոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը: