Բաժիններ՝

«Երգիս միջոցով ցանկանում եմ դրական հույզեր պարգևել մարդկանց». «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում Գերմանիայի ներկայացուցիչ Լևինա

«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան իր պաշտոնական պրոմո­ շրջագայության շրջանակում ժամանել է Հայաստան: Նախօրեին LOFT ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լևինայի հետ։ Հանդիպման կազմակերպիչն էր OGAE Armenia-ն (Հայաստանում «Եվրատեսիլի» պաշտոնական ֆան ակումբ)՝ The LOFT-ի հետ համատեղ։

«Կարծում եմ՝ կյանքը չի կարող կատարյալ լինել, քանի որ մեզանից յուրաքանչյուրը հաճախ հայտնվում է տհաճ իրավիճակներում, բացասական երևույթների է բախվում: Նման իրավիճակներում անգամ հնարավոր է ինչ­-որ դրական բան գտնել: Երգիս միջոցով ցանկանում եմ դրական հույզեր պարգևել մարդկանց»,- ասում է երգչուհին լրագրողների և երկրպագուների հետ հանդիպման մեկնարկին:

Լևինան այն կարծիքին է, որ վերջին տարիներին «Եվրատեսիլ» երգի մրցույթում Գերմանիան առանձնապես մեծ հաջողություններ չի գրանցել. «Ես հույս ունեմ, որ այս տարի կկարողանամ ինչ-­որ բան փոխել: Այս տարվա մրցույթում բավականին շատ են լավ երգերը, սակայն ես հատկապես հավանում եմ Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչների երգերը, հետաքրքիր ու հաճելի են նաև Հայաստանի, Բելգիայի բալլադները»:

Անդրադառնալով «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող երգչուհուն՝ Լևինան նկատում է. «Կարծում եմ՝ Արծվիկը հզոր ձայն ունի: Պետք է խոստովանեմ, որ շատ զարմացա, երբ տեսա, թե ինչպես է Արծվիկը կատարում գերմանական ժողովրդական երգը: Հիանալի էր: Որոշեցի ընդունել նրա մարտահրավերն ու երգել Կոմիտասի «Կաքավիկը», որը շատ գեղեցիկ ու զգացմունքային ստեղծագործություն է, բայց բավականին բարդ»:

Կարդացեք նաև

Եվրատեսիլյան պրոմո-արշավի շրջանակում Երևան ժամանած երգչուհին հասցրել է այցելել նաև Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ, որտեղ ստացված տպավորություններից որոշել է ավելի մանրամասն ուսումնասիրել Կոմիտասի գործերը:

Հանդիպմանը հանդիսատեսը և մամուլի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել Լևինային, ինչպես նաև վայելեցին «Perfect life» երգի նրա կենդանի կատարումը։

Լևինայի հայաստանյան այցի ընթացքում նախատեսված է հանդիպում ունենալ նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների հետ:

Տեղեկացնենք, որ «Եվրատեսիլ­ 2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի «Եվրատեսիլ»» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-­ին, 11-­ին և 13­-ին Կիևում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9­-ին՝ 1­-ին կիսաեզրափակչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս