Աֆղանստանը պատմել է ԱՄՆ-ի կողմից «բոլոր ռումբերի մոր» կիրառումից հետո ԻՊ-ի կորուստների մասին
Աֆղանստանում Միացյալ Նահանգերի կողմից ոչ միջուկային ամենահզոր ռումբերից մեկի կիրառմամբ այդ երկրում ոչնչացվել են «Իսլամական պետություն» խմբավորման առնվազն 36 զինյալներ: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը:
Բացի այդ, հաջողվել է ոչնչացնել ստորգետնյա երեք թունել, զենք ու զինամթերք, ճշտում է հեռուստաալիքը:
Նշվում է, որ հարվածի հետեւանքով խաղաղ բնակիչներ չեն զոհվել: Ինչպես արդեն տեղեկացվել է, ապրիլի 13-ին ԱՄՆ-ը GBU-43B ռումբ է նետել զինյալների դիրքերի վրա Աֆղանստանի Նանգարհարի նահանգում:
Ինչպես հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը, այդպիսի հզոր ռումբն անհրաժեշտ էր ոչնչացնելու համար թունելների եւ քարանձավների այն համակարգը, որն ահաբեկիչներն օգտագործում էին տեղաշարժվելու եւ հարձակումներ գործելո նպատակով: 9,5 տոննա զանգվածով լցքը նետվել է ՄՍ-130 ինքնաթիռից: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արդեն այս գործողությունը որակել է «շատ հաջող առաքելություն»:
ԱՄՆ-ը «բոլոր ռումբերի մոր» փորձարկումները կատարել է 2003 թվականին Ֆլորիդայի զինափորձարանում: Մինչ օրս այն ոչ մի անգամ չի կիրառվել մարտում: Ընդամենը Պենտագոնի զինանոցում կա 14 նման ռումբ, հաղորդել է «Ինտերֆաքս»ը: