
ՄԻԵԴ-ը կրկին տուգանել է Ադրբեջանի կառավարությանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի վերաբերյալ վճիռներ է հրապարակել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Ապրիլի 13-ին ՄԻԵԴ-ը հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ 23 վճիռներ, որոնց հիման վրա Ադրբեջանի կառավարությանը տուգանել է 271 հազար եվրոյի չափով:
ՄԻԵԴ ներկայացված 23 բողոքները հիմնականում վերաբերում են ադրբեջանական իշխանությունների կողմից լրագրողների, բլոգերների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ պարբերաբար կիրառվող ճնշումներին, ինչպես նաև ընտրողի ազատ ընտրության իրավունքին խոչընդոտելու դեպքերին:
Ադրբեջանից ամեն տարի ՄԻԵԴ են ուղարկվում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հարյուրավոր հայցեր: 2016թին Ադրբեջանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկվել 333 հայց, իսկ 2015թ.-ին` 268: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 6-ին Ադրբեջանի հետ կապված միանգամից 11 վճիռ է կայացրել: ՄԻԵԴ-ը այս 11 հայցերի բավարարման արդյունքում Ադրբեջանի կառավարությանը տուգանել է 81 հազար 690 եվրոյի չափով, որով պետք է փոխհատուցվեն դիմումատուները: