Թուրքիայում բանտարկված լրագրող Դենիզ Յուջելը բանտում ամուսնացել է
Թուրքիայում բանտարկված գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելը Սիլիվրիի բանտում ամուսնացել է հեռուստահաղորդավար Դիլեք Մայաթուրքի հետ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Ամուսնության վկաներն են եղել Յուջելի փաստաբան Ֆերաթ Չաղըլը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Շաֆաք Փավեյը:
Ամուսնության շնորհիվ Դիլեք Մայաթուրքը Դենիզ Յուջելին այցելելու իրավունք է ստացել: Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14-ին նա ձերբակալվել, ապա փետրվարի 27-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»:
Լրագրողը հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները: Գերմանիայի իշխանությունները բազմիցս հորդորել են թուրքական կողմին ազատ արձակել լրագրողին և չխոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը: