Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ալեքսանդր Լապշինի բողոքը
Բաքվի վերաքննիչ դատարանը ապրիլի 13-ին քննել է ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը` կապված ապրիլի 7-ին Նասիմինի շրջանի դատարանի կողմից նրա կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգելու որոշման հետ:
Ադրբեջանական Haqqin.az-ը հայտնել է, որ դատարանը չի բավարարել Լապշինի բողոքը` ուժի մեջ թողնելով երեք ամսով կալանքի երկարաձգման մասին որոշումը:
Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան:
Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5-8 տարվա ազատազրկում: