«Բարձր ախորժակն առողջության նշան է». Արմեն Աշոտյանը՝ Դաշնակցության ախորժակի մասին

«Մեկնարկել են քաղաքական կոնսուլտացիաներ, այդ կոնսուլտացիաների հանրայնացման փուլը դեռևս չի եկել, աշխատանքային գործընթաց է, և այդ գործընթացի արդյունքների մասին պատշաճ կերպով կտեղեկացվի մեր հասարակությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե մամուլում գրում են, որ ՀՅԴ-ի ախորժակն աճել է՝ Ա. Աշոտյանն այսպես արձագանքեց.

«Ես թեպետ բժիշկ եմ, բայց քաղաքական ուժերի ախորժակի չափման մեթոդաբանությունը չգիտեմ: Բոլոր դեպքերում, որպես աշխարհայացքով բժիշկ՝ ասեմ, որ բարձր ախորժակն առողջության նշան է»:

Հարցին էլ, թե ձեզ ինչո՞ւ է պետք ՀՅԴ-ն՝ որպես կոալիցիոն գործընկեր՝ հաշվի առնելով, որ դուք մեծամասնություն ունեք արդեն՝ Ա. Աշոտյանն այսպես պատասխանեց.

«Կոալիցիա կազմելու համար կա երկու սկզբունք: Առաջին դրդապատճառը կոալիցիա կազմելու՝ սահմանադրական դրդապատճառն է, երբ որևէ քաղաքական ուժ միայնակ չունի մեծամասնություն, և բնական է, սկսում են քաղաքական կոնսուլտացիաներ, ստեղծվում է դաշինք: Երկրորդ մոտիվացիան քաղաքականն է, երբ կա քաղաքական որոշում երկու կամ երեք քաղաքական կուսակցությունների կողմից՝ միավորվելու: Մեր գործող կոալիցիան սահմանադրական պահանջով չի ձևավորվել, այլ քաղաքականով: Կարծում եմ՝ երկրորդն էլ քաղաքական է նախևառաջ, բայց նոր Սահմանադրությամբ՝ մի շարք կարևորագույն օրենքներ պահանջում են նոր քանակական ցենզ՝ 3/5, որը նշանակում է՝ առնվազն 60 տոկոս ձայն, հետևաբար՝ կա նաև որոշակի սահմանադրական պահանջ ևս, որպեսզի այդ կարևորագույն օրենքները ստանան բավականաչափ թվով ձայներ»:

 Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս