ՀՀԿ-ի դպրոցի շրջանավարտները «ներառված են եղել» ընդդիմադիր քաղաքական ուժերի քարոզարշավներում
ՀՀԿ-ի կողմից հիմնված Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը հայտարարում է ընդունելության նոր փուլ ու երկարաձգում է ընդունելության ժամկետը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ այս պահի դրությամբ արդեն ունեն 100-ից ավելի դիմումներ, սակայն բազմաթիվ երիտասարդներ խնդրում են, որ իրենք երկարաձգեն ընդունելության ժամկետը, որ հասցնեն դիմել:
Ա. Աշոտյանն ասաց, որ իրենք երկարացնում են ընդունելության ժամկետը մինչև ապրիլի 22-ը. «Դպրոցի դռները բաց են տարբեր քաղաքական հայացքների տեր մարդկանց համար:
Առաջին շրջանավարտները կարող են վկայել, որ դպրոցում բացարձակապես գոյություն չունի քաղաքական մենաշնորհ և քաղաքական մշակում: Մեր բանախոսների ցանկը եղել է շատ խայտաբղետ, շատ տարբեր մարդիկ են եղել դասախոսող, այդ թվում նաև՝ ընդդիմադիր քաղաքական և քաղաքացիական գործունեության մարդիկ: Առաջին շրջանավարտներից արդեն ունենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված թեկնածուներ ՀՀԿ-ի ցանկից:
Որքանով կարողացել եմ հետևել, նաև այլ կուսակցություններ անգամ օգտագործում էին այդ երիտասարդներին, ներառում էին իրենց նախընտրական գործունեության մեջ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, ինչն ուրախացնող էր և վկայում էր նրա մասին, որ դպրոցի գործունեությունն արդյունավետ է և պահանջված: Դպրոցում ուսումնառությունն անվճար է, կազմակերպվում է ՀՀԿ-ի կողմից բոլորի համար»:
Լրագրողներից մեկի հարցին, թե քաղաքական ո՞ր ուժերն են ներառել այդ երիտասարդներին իրենց քարոզարշավներում, Ա. Աշոտյանն այսպես պատասխանեց.
«Ես չեմ կարող դա բացահայտել, որովհետև դրա իմաստը չեմ տեսնում, բայց դա թաքուն չի եղել, որովհետև նույն Ֆեյսբուքում հետևելիս բոլոր ունկնդիրների գործունեությանը՝ ես ֆիքսել եմ դա»:
Ա. Աշոտյանը միայն նշեց, որ մեկից ավելի ընդդիմադիր ուժեր են իրենց քարոզարշավներում ներառել այդ դպրոցի երիտասարդներին: ՀՀԿ փոխնախագահը նաև ասաց, որ աշխատելով, շփվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երիտասարդների, ինչպես նաև՝ քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ընդառաջելով նրանց առաջարկությանը՝ իրենք ազդարարում են Արցախում Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցի ամառային ճամբարի ծրագիրը.
«Այդ դասընթացը կազմակերպվելու է հուլիս ամսին, բացառապես Արցախի երիտասարդների համար: Դասընթացը բաց է լինելու Արցախի քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, պետական ծառայողների համար, որոնք կցանկանան սովորել: Ցավոք, որոշակի քանակական սահմանափակում ենք ունենալու, այդ դասընթացին Արցախում կարող է մասնակցել 50 երիտասարդ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: