«Ե՞րբ ենք մենք էդ ռեֆորմը ձեզնից լսելու». Կարեն Կարապետյանը կշտամբեց Արման Սահակյանին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից պահանջեց կառույցում իրականացվելիք բարեփոխումները ներկայացնել։
«Ե՞րբ ենք մենք էդ ռեֆորմը ձեզնից լսելու»,- հարցրեց վարչապետը։
Ա.Սահակյանը նշեց, որ օրենսդրական փոփոխությունների խնդիր կա, որի համար 1 ամիս է անհրաժեշտ։
Վարչապետը հանձնարարեց մաքրել ու գույքագրել ամեն ինչ, ճկուն մեխանիզմներ ներդնել՝ ակնկալելով ԿԲ աջակցությունը՝ շուկան ակտիվացնելու համար:
Ա.Սահակյանը զեկուցեց նաև «Արաքս» ՓԲԸ-ի 80% բաժնետոմսերի մասնավորեցման հարցը և արժանացավ Կ.Կարապետյանի կշտամբանքին: Վերջինս հարցրեց, թե այդ հիմնարկությունն ինչո՞վ է զբաղվել և ինչո՞ւ է այսքան ուշ մասնավորեցվում։
Սահակյանը նշեց, թե այն ներառված է եղել 2015 թ.-ի մասնավորեցման ծրագրում, բայց մի շարք խնդիրներ են եղել՝ գրանցման, չափագրումների և այլ, որոնք նոր միայն լուծել են։
Կ.Կարապետյանը փաստեց, որ, ըստ տեղեկանքի՝ ձեռնարկությունը գործունեություն չի ծավալում 2000 թ.-ից, ունի 6 աշխատող և նոր միայն օտարվում է։
«2000 թվականից ձեռնարկությունը բան չի անում, ինչի՞ ենք 17 տարի սպասում»,- դժգոհեց վարչապետը։