Ովքեր ունեն մասնակի կենսաթոշակի իրավունք
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է, թե ովքեր ունեն մասնակի կենսաթոշակի իրավունք:
«Մասնակի կենսաթոշակ նշանակվում է.
1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է,
2) թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է,
3) 1-ին և 2-րդ կետերում նշված այն անձանց, ովքեր օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվել են մասնակի կենսաթոշակ նշանակելու համար (ունեցել են առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ), և լրացել է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող նրանց տարիքը:
Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:
«Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների և պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ (Հավելված N 6):
Մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելիս մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ցանկում նշված կազմակերպությունում այդ իրավունքը տվող մասնագիտություններով ու պաշտոններում մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածը»: