«Վստահ եմ, որ իրենք բերելու են բիզնեսի նոր մշակույթ». Կարեն Կարապետյան
Գործադիրի նիստում այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին» փոխըմբռնման հուշագիրը։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցեց, որ ՀՀ կառավարության և Ֆոնդի միջև ստորագրվող Փոխըմբռնման հուշագրի նպատակն է «պետություն-մասնավոր հատված» գործակցության հետագա զարգացումն ու խորացումը:
Ըստ նրա՝ համագործակցության հիմնական ուղղություններն են՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների և ծառայությունների, էներգետիկայի և էներգետիկ ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, քաղաքային ենթակառուցվածքների և ծառայությունների, ՏՀՏ-ի և ՏՀՏ ենթակառուցվածքների, մշակող արդյունաբերության զարգացումը:
«Չափազանց կարևոր ֆոնդ է, ես ասել եմ և ուզում եմ կրկնել՝ ոչ միայն նրա պատճառով, որ ներդրումներ են գալու, վստահ եմ, որ իրենք բերելու են բիզնեսի նոր մշակույթ։ Մեկ։ Ֆոնդի անդամները բավականին ճանաչված, հաջողակ բիզնեսմեններ են, ունեն լայն շրջանակներ բազմաթիվ երկրներում, ունեն բազմաթիվ պարտնյորներ, հանդիսանալու են կամուրջ մեր և այդ երկրների և այլ ֆինանսական աղբյուրների միջև»,- հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Բացի դա, ըստ վարչապետի, իրենց մուտքը Հայաստան հանդիսանալու է որոշակի ազդակ՝ իրենց՝ որպես հաջողակ բիզնեսմեններ, գնահատող կառույցների կողմից. «Այդ իսկ առումով մաքսիմալ աջակցություն ենք ցուցաբերում ֆոնդի կայացմանն ու մաքսիմալ սերտ աշխատում ենք»։