ԱՊՀ-ի երկրները կատարելագործելու են ՀՕՊ-ի մարտական հերթապահության գործընթացը
ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեն առաջարկել է կատարելագործել Համագործակցության երկրների ՀՕՊ-ի մարտական հերթապահության գործընթացը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ գեներալլեյտենանտ Պավել Կուրաչենկոն:
«Մենք մշակել ենք ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միավորված համակարգի ուժերով ու միջոցներով մարտական հերթապահություն իրականացնելիս փոխգործակցության կատարելագործման առաջարկություններ ու հանձնարարականներ»,-ասել է նա:
Գեներալը ճշտել է, որ համապատասխան հանձնարարականները մշակվել են 2016 թվականի հոկտեմբերին ԱՊՀ-ի մասնակից երկրների ՀՕՊ-ի միավորված համակարգի հերթապահ ուժերի համատեղ վարժանքից հետո: Առաջարկությունները վերաբերում են ինչպես օրենսդրական բազային, այնպես էլ հետխորհրդային տարածքում ՀՕՊ-ի միավորված համակարգի տեխնիկական ապահովմանը:
Կուրաչենկոն հիշեցրել է, որ վարժանքին մասնակցել են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: