Բաժիններ՝

Դինքի սպանության գործով երկու ենթասպա է կալանավորվել

Պոլսահայ մտավորական, լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության շրջանակում Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական բաժնի ձերբակալված երկու ենթասպա կալանավորվել է։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ենթասպաները կալանավորվել են «մտադրված սպանության», «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» և «սահմանադրական կարգը վերացնելու փորձ անելու» մեղադրանքներով:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-­ին`խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:

2012 թվականի հունվարի 17-­ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5­րդ դատարանը որոշում է կայացրել Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին առաջադրվել է «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ են ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս