
Արմեն Ամիրյանը նոր մեքենա եւ բաժնետոմսեր է գնել. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախորդ տարի նոր մեքենա է գնել, որն արժեցել է 21 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից: Գնված մեքենան Nissan Altima է: Բացի այդ, նա 22 միլիոն դրամով բաժնետոմս է գնել, իսկ թե ինչ ընկերությունում՝ հայտարարագրում նշված չէ:
Նախորդ տարվա սկզբում նա ունեցել է 15 միլիոն դրամ, 47 հազար ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում դարձել է 9 միլիոն դրամ եւ 42 հազար դոլար:
Արմեն Ամիրյանը 2016 թվականին 21 միլիոն դրամ, 180 հազար ԱՄՆ դոլար եկամուտ է ստացել, ինչպես նաեւ 22 միլիոն դրամի չափով եկամուտ է ստացել բնամթերքի տեսքով: 180 հազար դոլարը Ամիրյանը ստացել է վարձակալության դիմաց ստացած վճարից: Բնամթերքով ստացած նվերը նվիրատվություն է եղել, իսկ նվիրատուի մասին որեւէ նշում առկա չէ:
Նախարարի կինը՝ Հրանուշ Ամիրյանը, նախորդ տարի հայտարարագրել է միայն դրամական միջոցներ: Արմեն Ամիրյանի ոչ մի տեղ չաշխատող կինը 2016 թվականի սկզբին ունեցել է 17 միլիոն դրամ եւ 24 հազար ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 15 միլիոն դրամ եւ 23 հազար դոլար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: