Բաժիններ՝

ԱՄՀ ներկայացուցիչն անդրադարձել է ՀՀ-ի կողմից նոր եվրոբոնդերի թողարկման հնարավորությանը

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեին Սամին կարծում է, որ գալու է ժամանակը, երբ Հայաստանը ստիպված է լինելու ավելի շատ ֆինանսավորում ներգրավել կապիտալի միջազգային շուկաներից:

Այս մասին Հոսեին Սամին ասել է ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով Հայաստանի կողմից նոր եվրոբոնդերի թողարկման մասին հարցին:

«Ես Հայաստանի կողմից նոր եվրոբոնդերի թողարկման մասին չեմ լսել, սակայն կարծում եմ, որ գալու է ժամանակը, երբ Հայաստանը ստիպված է լինելու ավելի շատ միջոցներ ներգրավել կապիտալի միջազգային շուկաներից: Սակայն նման որոշումներ կայացնելուց առաջ հարկավոր է հաշվի առնել մի կարևոր հանգամանք` հաշվարկել պարտքերը մարելու կարողություններն ու հնարավորությունները և այնպես անել, որ արտաքին պարտքի բեռը ՀՆԱ-ի նկատմամբ լինի կառավարելի»,- ասել է Սամին:

Նա հիշեցրել է, որ Հայաստանը երկու անգամ եվրոբոնդեր թողարկել է, որոնցից մեկի մարման ժամկետը լրանում է 2020թ., իսկ մյուսի մարման ժամկետը` 2025թ.: Հոսեին Սամին նկատել է, որ նախ պետք է որոշում կայացվի դրանց ժամկետները երկարաձգելու կամ չերկարաձգելու վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս