Ախուրյանի աջափնյա ջրանցքը կվաճառվի «Անի» ԲԲԸ-ին
«Անի» ԲԲ ընկերությունը դիմել է ՀՀ վարչապետին ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքում գտնվող Ախուրյանի աջափնյա ջրանցքն ընկերությանն օտարելու խնդրանքով, քանի որ այն անհրաժեշտ է ընկերությանը ՓՀԷԿ-ի ջրամատակարարումը բարելավելու համար: Ընկերությունն իր գրության մեջ նշել է, որ ջրանցքի նշված հատվածը սպասարկում է մեկ համայնք, և համաձայն «Ջրի ազգային Ծրագրի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետի՝ այն կարող է սահմանված կարգով օտարվել: Ջրային տնտեսության պետական կոմիտեն արդեն տվել է իր համաձայնությունը:
Ըստ կոմիտեի՝ ջրանցքի տվյալ հատվածն ունի կրկնակի մաշվածություն (գերամորտիզացված է)։ Յուրաքանչուր տարի պահպանման և շահագործման համար տրվում է 5-6 մլն ՀՀ դրամի չափով դոտացիա։ Տեղափոխվող ջրի կորուստը կազմում է 60-70%:
Գույքը գնելու դեպքում ընկերությունը պարտավորվել է 15 տարվա ընթացքում ջրանցքի վերանորոգման, վերականգնման և շահագործման նպատակով ներդնել 540 մլն ՀՀ դրամ: Ընկերությունը պարտավորվել է նաև ոռոգման շրջանում անխափան, անվճար ապահովել ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակները՝ ջրանցքի տվյալ հատվածը շահագործել ոռոգման ջրամատակարարման ռեժիմների ու ծավալների գերակայությամբ, ջրի անվճար փոխադրմամբ, առանց պետության կողմից համակարգի շահագործման և պահպանման համար տրվող դոտացիոն վճարների, իսկ ՓՀԷԿ-ի ջրամատակարարումը կիրականացվի ոչ ոռոգման, ինչպես նաև ոռոգման շրջանում մնացորդային ջրերի հաշվին:
«Անի» ընկերությունը համաձայնել է նաև «Ջրաձոր» ՓՀԷԿ-ը չշահագործելու կամ այն երրորդ անձի օտարելու դեպքում ջրանցքի տվյալ հատվածը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը:
ՀՀ կառավարությունը նախատեսում է գործարքին հավանություն տալ վաղվա նիստում։ Վաճառքի գինը կսահմանվի գնահատված արժեքի 75 %-ի չափով: