Զբոսաշրջիկներին առաջարկել են ճաշել անծանոթների տներում
Համացանցում հայտնվել է VizEat նոր ծառայությունը, որն զբոսաշրջիկներին թույլ է տալիս արտասահմանում ճաշել անծանոթների տներում: Կայքում կարող են գրանցվել բոլոր ցանկացողները եւ ճանապարհորդներին առաջարկել իրենց խոհարարական ծառայությունները։
VizEat-ում օգտահաշիվ կարելի է ստեղծել անվճար: Դրանից հետո օգտատերը կկարողանա արտասահմանցի հյուրերի համար կազմակերպել ոչ միայն ճաշկերույթներ, այլեւ խոհարարական դասեր, ինչպես նաեւ գաստրոնոմիական շրջագայություններ հայրենի քաղաքով:
Տանտերն ինքն է սահմանում իր ծառայությունների գինը: VizEat-ը միջնորդավճար է վերցնում դրանց արժեքի 20 տոկոսի չափով: Ներկայում ծառայությունում գրանցված են 20 հազար տանտերեր եւ 100 հազար հյուրեր 110 երկրներից: Այդ ծառայությունից որպես հյուր օգտվել է The Independent բրիտանական թերթի թղթակցուհիներից մեկը, որին մի քանի այլ մարդկանց հետ հյուրընկալել է Փարիզի Մարի անունով բնակչուհին:
Ֆրանսուհին զբոսաշրջիկներին, որոնց հետ առաջ երբեք չի հանդիպել, հյուրասիրել է երեք ճաշատեսակներով ու գինով: Լրագրողուհին գոհ է մնացել կերակրից: Դա ճանապարհորդների վրա նստել է մեկ մարդու հաշվով 59 եվրո: