Բաժիններ՝

«Բարձր ճնշում ունենալը վտանգավոր է». սրտաբան

ՀՀ առողջապահության նախարարության, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից հանրապետության մարզերի 72 բժշկական հաստատություններում իրականացրած «բաց դռների օրեր» ծրագրի շրջանակում մասնագետները հետազոտել են 17 հազար 158 քաղաքացու: Հիվանդանոցային բուժօգնության կարիք են ունեցել 954 քաղաքացի, հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների կարիք են ունեցել 324 քաղաքացի:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը  նշեց, որ «բաց դռների օրեր» ծրագրի իրականացման նպատակն է մարզերում բուժօգնության հասանելիության ապահովումը և տրամադրվող բուժծառայությունների որակի բարձրացումը:

«Նախ ասեմ, որ սա զանգվածային միջոցառում է, եթե այլ դեպքերում տարբեր ծրագրերում ընդգրկվում են 4-5 հազար քաղաքացի, ապա այս անգամ` 17 հազարից ավելի, որը մեծ թիվ է: Հաջորդը, ինչպես գիտեք, մենք բազմիցս բարձրաձայնել ենք մարզերում նեղ մասնագետների պակասի հարցը: Մոտավոր միջին թվով մարզերում նեղ մասնագետների թիվը 3 անգամ պակաս է Երևանից: Ահա այս միջոցառման գլխավոր խնդիրներից է նեղ մասնագետների հասանելիությունն ապահովելը»,-ասաց  Ծաղիկ Վարդանյանը: Նրա խոսքով` այս ծրագրերով, իհարկե, մասնագետների պակասի խնդիրը չի լուծվում, սակայն ժամանակավոր բացը լրացվում է:

Հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդացության կառուցվածքում առյուծի բաժինը կազմում են սրտանոթային հիվանդությունները: Հետազոտվածների շուրջ 30 տոկոսի դեպքում այդ հիվանդություններն առկա են: Սրտանոթային հիվանդություններին հաջորդում են ակնաբանական հիվանդությունները` կազմելով 20 տոկոս: Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ ակնառու է մարզերում ակնաբույժների պակասը:

«Սուրբ  Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի սրտաբանական ծառայության ղեկավար Լևոն Քոչարյանը, ով անձամբ մասնակցել է ծրագրին և ընդունել բազմաթիվ քաղաքացիների, նշեց, որ ստուգումներն անցկացվել են անվճար:

«Մեր բժշկական կենտրոնից 60 մասնագետ մասնակցել է այս ծրագրին, 2 հազարից ավելի հիվանդների հետ ենք աշխատել, եթե կարիք է եղել, ապա հիվանդները հավելյալ հետազոտվել են Երևանում: Ասեմ, որ գերակշռող մասը զարկերակային հիպերտենզիայով հիվանդներ էին, այսինքն` արյան ճնշումը չկարգավորված: Տրամադրվել է խորհրդատվություն, բաժանվել է անվճար դեղորայք»,-ասաց Լևոն Քոչարյանը:

Սրտաբանը նշեց, որ հիվանդացության և մահացության ցուցանիշով առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, հետևաբար շատ կարևոր է բուժվելը, շարունակական վերահսկողությունը: Նրա խոսքով, արյան ճնշումը չվերահսկելը հիմնականում կապված չէ բժիշկների գիտելիքների կամ դեղերի պակասի հետ:

«Խնդիրը հիմնականում կապված է մարդկանց իրազեկվածության հետ: Շատերը կամ ընդհանրապես դեղ չեն խմում, կամ ունեն բարձր ճնշում, բայց իրենց լավ են զգում ու չեն խմում: Չեն պատկերացնում, որ թեկուզ իրենց լավ են զգում, բայց բարձր ճնշում ունենալը վտանգավոր է: Լինում են դեպքեր, դեղերը խմում են այն ժամանակ, երբ վատ են զգում, այնինչ, անհրաժեշտ է հետևողական օգտագործել դեղերը` լինելով բժշկի վերահսկողության տակ: Եղել է դեպք, երբ եկել էին մեզ մոտ ճնշումը բարձր, հևոցով, կապտած, բայց դեղ չէին խմում»,-ասաց Լևոն Քոչարյանը:

Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ այս ամենից կատարում են հետևություններ հետագա աշխատանքը կազմակերպելու համար: Նախ` պարզ է դարձել, որ նման միջոցառումները պետք է լինեն շարունակական, իրականացվեն առնվազն վեց ամիսը մեկ: Դրանից բացի` մարզերի հիվանդանոցները նեղ մասնագետներով համալրելու համար գործուն մեխանիզմներ պետք է մշակել:

«Փաստը մնում է փաստ, որ այն, ինչով մենք առաջնորդվում ենք, այն է` երիտասարդներ  մարզեր գործուղելը, աշխատանքային հրապուրիչ պայմաններ ստեղծելը, լիարժեք չեն բավարարում, և ունենք խնդիր: Հետևաբար, նոր մոտեցումներ են անհրաժեշտ: Դրանից բացի, անհրաժեշտ է Երևանի և մյուս մարզերի բժիշկների համագործակցությունն առավել սերտացնել»,-հավելեց նա:

«Բաց դռների օրեր» ծրագիրն իրականացվել է 2017 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս