G7-ի ԱԳ նախարարները որոշում չընդունեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին
G7-ի երկրների արտաքին գործերի նախարարները Իտալիայի Լուկկա քաղաքում կայացած գագաթնաժողովում որոշում չեն ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին: Ադ մասին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էրոյին:
Ընդսմին նա նշել է, որ նախարարները, քննարկելով սիրիական թեման, համաձայնել են, որ Սիրիայի ապագան չպետք է կապված լինի նախագահ Բաշար Ասադի հետ: Արեւմտյան ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման հարցը, Սիրիայում նրա գործողությունների կապակցությամբ, «յոթնյակի» ԱԳ նախարարների հանդիպմանը չի քննարկվել, թեեւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը փորձել է արծարծել այդ թեման:
Ընդսմին The Daily Mail բրիտանական թերթը հայտնել է, որ Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու Ջոնսոնի գաղափարն արգելափակել է Գերմանիան ԵՄ-ի մի շարք այլ երկրների հետ միասին:
Հրատարակությունը ճշտել է, որ այդ երկրները պնդում են՝ նախ անցկացնել Սիրիայի Իդլիբի նահանգում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ տվյալների ընդգրկուն հետաքննություն: G7-ի կազմում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան:
Ավելի վաղ The Times թերթը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան մտադիր է G7-ի գծով գործընկերներից հասնել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման՝ սիրիական ռեժիմին աջակցելու համար, որը, նրա կարծիքով, քիմիական զենք է կիրառել Իդլիբի նահանգում:
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման առաջարկություններ 1ին հնչում նաեւ Վաշինգտոնում, հաղորդել է «Ինտերֆաքս»ը: