
Իջևանում ապօրինի ծառահատումներ իրականացրած քաղաքացիները հայտնաբերվել են. 23 ապօրինի հատված ծառ է տեղում արձանագրվել

Սոցիալական ցանցերում և Էլեկտրոնային մամուլում, այսօր տարածվել էր տեսաձայնագրություն, որում ցուցադրվում էր կտրատված ծառեր ՀՀ Տավուշի մարզի Իջևանի շրջանի անտառներում:
ՀՀ բնապահպանության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատում իրականացրած երկու քաղաքացի` Հ. Ռ.-ն և Պ. Դ.-ն: Տեղում արձանագրվել է 23 ապօրինի հատված ծառ:
Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվում է շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ: