«Տարոն Ավիայի» առաջին ինքնաթիռը հասավ Գյումրի
Հայկական երկրորդ ավիափոխադրող ընկերության` «Տարոն-Ավիայի» առաջին օդանավը ապրիլի 10-ին վայրէջք կատարեց Գյումրու «Շիրակ» օդանավակայանում: Ապրիլի 25-ից ընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կսկսի իրականացնել կանոնավոր եւ ոչ կանոնավոր (չարտերային) չվերթեր:
Ընկերությունն առաջին չվերթը կիրականացնի ապրիլի 25-ին՝ Գյումրի–Կրասնոդար–Գյումրի երթուղով:
Հայկական ավիաընկերությունների պատմության մեջ առաջին անգամ օդանավը կկրի անվանի դերասան, ճանաչված գյումրեցի Մհեր Մկրտչյանի անունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ծնունդով գյումրեցի «Տարոն-Ավիայի» տնօրեն Գառնիկ Պապիկյանը՝ հավելելով, որ դա Գյումրին գովազդելու յուրօրինակ տարբերակ է: Բացի անվանումից, ինքնաթիռի վրա մեծ տառերով գրված է «Գյումրի»:
Ընկերության սեփականատերը նաև վստահեցրեց՝ երկար տարիներ արտասահմանում գործունեություն ծավալելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք՝ վստահելով ու հավատալով ՀՀ կառավարության ու հատկապես ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումներին:
Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի առայժմ 3 ուղղություններով` Ռոստով, Սամարա, Կրասնոդար: Կարճ ժամանակ անց «Տարոն-Ավիայի» օդանավերով հնարավոր կլինի հասնել նաեւ մի շարք եվրոպական երկրներ: «Տարոն-Ավիայի» առաջարկված սակագները ցածր են լինելու նույն ուղ ղություններով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից առաջարկվող սակագներից։ Սահմանված է հնարավոր նվազագույն շեմը` ավիատոմսերի գները կսկսվեն 10 000 դրամից:
Անկախ տոմսի գնից առանց հավելավճարի ուղևորները հնարավորություն կունենան ինքնաթիռի սրահում տեղափոխել մինչեւ 7 կգ ձեռքի ուղեբեռ, ինչպես նաեւ մինչեւ 25 կգ սովորական ուղեբեռ: Տոմսերի վաճառքն արդեն սկսված է: Իրականացվում է նաեւ օնլայն վաճառք:
Արմենուհի Մխոյան