Զարուհի Փոստանջյանը՝ «Ելք» դաշինքի առաջարկները մերժելու մասին. aysor.am
Զարուհի Փոստանջյանը ավագանու ընտրություններին մտադիր է մասնակցել միայնակ՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությամբ:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Զ.Փոստանջյանն անդրադարձավ «Ելք» դաշինքի կողմից իրեն արված առաջարկություններին և պարզաբանեց, թե ինչու է մերժել ավագանու ընտրություններում դաշինքի ցուցակը գլխավորելու առաջարկը:
«Ես դեմ եմ ընտրություններին արհեստական միավորներով մասնակցելուն: Դրանք ժամանակի ընթացքում ձախողում են, և եթե այդ մարդիկ ժամանակին միմյանց ճանաչել են և մեկ միավորի մեջ չեն եղել, ուղղակի միավորվում են սպոնտան և կարճաժամկետ նպատակի համար, դրանք արդյունավետ չեն: Ես չեմ կարծում, որ նման աշխատանքը կարող է հաջողություններ ունենալ», – ասաց նա:
Վերջինս նշեց, որ ինքը նույն պատճառով դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից, քանի որ դեմ է եղել արհեստական միավորումների ստեղծմանը, բացի այդ էլ, Փոստանջյանի խոսքով, «Երկիր Ծիրանին» ունի բոլորովին տարբեր ծրագրային դրույթներ ու սկզբունքներ, ուստի նպատակահարմար չէ միավորվել այլ քաղաքական ուժի հետ:
Փոստանջյանը նաև ընդգծեց, որ «Ելքը» դեռևս «պետք է ապացուցի, որ ընդդիմադիր ուժ է»:
«Մենք դեռ չգիտենք՝ իրենց ինչպես կդրսևորեն: Մենք տարբեր դաշինքներ ենք տեսել: Գործող խորհրդարանում էլ կային ուժեր, որ դաշինքային տրամաբանությամբ էին եկել խորհրդարան, բայց քանդվեցին: Հիմա պետք է տեսնենք՝ «Ելքն» ինչի է ունակ», – նկատեց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: