Սիրիական օդուժն ամերիկյան հրթիռային հարվածից մեկ օր անց վերսկսել է թռիչքները «Շայրաթ» ավիաբազայից
Սիրիական ռազմաօդային ուժերն ամերիկյան հրթիռային հարվածից մեկ օր անց վերսկսել են թռիչքները «Շայրաթ» ավիաբազայից: «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ «Սու-2» ռազմական ինքնաթիռները դուրս են եկել Հոմսի արվարձանում գտնվող «Շայրաթ» ավիաբազայից մարտական առաջադրանք կատարելու և բարեհաջող վերադարձել են:
Ամերիկայի Միացյալ Նահանգները լույս ապրիլի 7-ին թևավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազային, ինչն արվել է օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն արձակել է «Տոմահավկ» տեսակի 59 հրթիռ, որոնք արձակվել են «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ, որտեղից ավելի վաղ իրականացվել էր քիմիական հարձակումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Սիրիայի տարածքում իրականացված հրթիռային հարձակումը, նշել է, որ «դա բխում էր ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից»: