Ստոկհոլմում ահաբեկչության զոհերի հիշատակին խոնարհվել են դրոշները
Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում գտնվող պետական և ոչ պետական կառույցների վրա գտնվող դրոշները խոնարհվել են` ի հիշատակ ապրիլի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Այս մասին հայտնում է շվեդական SVT հեռուստաընկերությունը:
Դրոշներն ապրիլի 8-ին խոնարհելու մասին որոշում են կայացրել Շվեդիայի մյուս շրջանների իշխանությունները ևս: Մարդիկ Ստոկհոլմում ահաբեկչության իրականացման վայր են բերում ծաղիկներ, որոնք տեղադրվում են ոստիկանության կողմից շրջափակված
տարածքի հարակից վայրերում:
Ապրիլ 7-ին բեռնատարը մեծ արագությամբ քշել է մարդկանց վրա, ովքեր այդ պահին գտնվում էին Ստոկհոլմի կենտրոնական փողոցներից մեկում: 550 մետր գնալուց հետո բեռնատարը բախվել է Åhlens առևտրի կենտրոնի շենքին ու կանգ է արել: Ահաբեկչություն իրականացրած բեռնատարը առևանգված է եղել:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է չորս մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 15-ը: Ոստիկանությունը նույն օրը երեկոյան ձերբակալել է մի տղամարդու, ում կալանքի ժամկետը ապրիլի 8-ին երկարացրել են: Չի բացառվում, որ հենց նա է եղել բեռնատարի վարորդը: