ՀՅԴ-ն չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին
Հ.Յ.Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեն հայտարարւթյուն է տարածել, որում ասված է.
«Վերլուծելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում Երևան քաղաքում
Հ.Յ. Դաշնակցության ձեռք բերած անսպասելի ցածր արդյունքները, խորհրդակցելով Երևանի վարչական շրջանների կոմիտեների հետ՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն նպատակահարմար չի գտնում մասնակցել մայրաքաղաքի ավագանու ընտրություններին:
Այս փուլում մեր առաջնահերթ խնդիրն ենք համարում ապրիլի 2-ի ընտրություններում մեր կառույցի արձանագրած արդյունքի պատճառների ուսումնասիրությունը և անհրաժեշտ եզրակացությունների հանգելը:
Հուսով ենք, որ գիտակցված քվեով Երևանի ավագանի ձևավորելու պատրաստ մեր համաքաղաքացիները ըմբռնումով կընդունեն այս որոշումը:
Միաժամանակ պարտավորվում ենք ուշադրության կենտրոնում պահել Երևանի բոլոր հիմնախնդիրները և կարելիության սահմաններում մասնակցել դրանց լուծմանը»: