
ՀՀԿ-ն այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկել

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Խորհրդարանական ընտրությունների, կոալիցիաների հետ կապված որևէ հարց չենք քննարկել՝ հաշվի առնելով մի հանգամանքը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի ամփոփել ընտրությունների արդյունքները: Քանի դեռ ԿԸՀ-ն վերջնական գնահատական չի տվել և չի ամփոփել վերջնական արդյունքները»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ կուսակցությունը կոալիցիա կազմելու հարցը կքննարկի այն ժամանակ, երբ ԿԸՀ-ն կամփոփի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: «Կարծում եմ, որ պարզ մաթեմատիկական հաշվարկին տիրապետում եք. մի բան պարզ է, որ ՀՀԿ-ն իրավունք է ձեռք բերել ձևավորել կառավարություն: Միայնակ, թե ոչ, դա կքննարկենք»,- եզրափակեց նա: