«Հովհաննես Հարությունյանի փաստաբանը իրականությանը չհամապատասխանող լուրեր է տարածել». ՔԿՎ
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հ. Սարգսյանը ապրիլի 5-ին www.hetq.am կայքին տված հարցազրույցում վերստին իրականությանը չհամապատասխանող լուրեր է տարածել` պատկան մարմիններին մեղադրելով բժշկական հանձնաժողովի ձևավորման ձգձգման, Հ. Հարությունյանին քաղաքացիական հիվանդանոցում «առանց բուժօգնության հետազոտման» և իրեն բժշկական անհրաժեշտ փաստաթղթեր չտրամադրելու մեջ` իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով 28.03.2017թ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին ուղղված գրությունը:
Վերոգրյալի կապակցությամբ հրապարակում ենք նույն օրը` 28.03.2017թ. փաստաբան Հ. Սարգսյանին ուղղված գրությունը, որից պարզ է դառնում, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կողմից փաստաբանին տրամադրվել է Հ. Հարությունյանի պատմագրում առկա ռենտգեն պատկերների նկարագիրը, իսկ ռենտգեն ժապավենների նեգատոսկոպիկ պատկերները տրամադրելու մասով վերջինս տեղեկացվել է, որ այդ պատկերներին ինքը և իր կողմից նախընտրած բժիշկ-մասնագետը կարող են ծանոթանալ տեղում՝ նկատի ունենալով, որ դրանք կազմվում են եզակի օրինակով, հետևաբար՝ չեն կարող տրամադրվել:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե իրենց կողմից ներգրավված բժիշկը նաև ցանկանում է իմանալ, թե կառավարության կողմից առաջադրված բժիշկների խմբում ինչ մասնագետներ են ընդգրկված, որպեսզի իրենք ևս նույն մասնագիտացում ունեցող բժիշկների առաջադրեն, հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հ. Հարությունյանի առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով բժշկական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է Հարությունյանի փաստաբանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված գանգատի շրջանակներում կայացված որոշման հիման վրա:
Հետևաբար, փաստաբանը, ՄԻԵԴ ներկայացրած գանգատում բարձրացնելով Հարությունյանի առողջական վիճակի և դրանց առնչությամբ վերջինիս «պատշաճ բուժսպասարկում չտրամադրելու» հարցեր, ողջամտորեն կարող էր ուրվագծել բժիշկ-մասնագետների գոնե այն նվազագույն շրջանակը, ովքեր պետք է ներգրավվեին ստեղծվելիք հանձնաժողովում՝ հընթացս ըստ անհրաժեշտության ներկայացնելով նաև այլ մասնագետների թեկնածություններ, եթե իրականում, իհարկե, մտահոգված էր այդ հանձնաժողովի` օր առաջ ստեղծմամբ:
Մեկ անգամ ևս փաստաբանին հորդորում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել իրենց նախընտրած բժիշկ-մասնագետների տվյալները՝ հանձնաժողովի կազմում ներառելու և վերջինիս աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին