Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի կառավարչին

Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի (Ավստրիա) կառավարիչ մոնսինյոր Յակոբ Բյուրգլերին` ուղեկցությամբ «Ինսբրուք Կարիտաս» բարեսիրական հասարարական կազմակերպության տնօրեն Գեորգ Շաումերի:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա ջերմ եղբայրական հարաբերություններին և սերտ գործակցությանը: Նորին Սրբությունը նաև գոհունակությամբ հիշեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան:

Գարեգին Բ Հայրապետը հյուրերին ներկայացրեց Հայոց Եկեղեցու առաքելությունն ազգային կյանքում` հանգամանորեն խոսելով լայնածավալ գործունեության, հատկապես Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական բազմաբնույթ ծրագրերի մասին:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերներին, ի մասնավորի` եկեղեցականների պատրաստության և սրբավայրերի վերականգնման ու պահպանության խնդրին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Տեսանյութեր

Լրահոս