Բաժիններ՝

Վիեննայի օպերան նոր տարեշրջանում խոստանում է վեց պրեմիերա և ավելի շատ կին դիրիժորներ

Վիեննայի պետական օպերան ներկայացրել է 2017­-2018 թվականների տարեշրջանի ծրագիրը: Ավստրիայի մայրաքաղաքի ամենանշանավոր մշակութային կենտրոնը խոստանում է հանդիսատեսին ուրախացնել բարոկոյի դարաշրջանից մինչեւ մոդեռն
երաժշտության տպավորիչ խաղացանկով։

Պլանավորվում է ներկայացնել միանգամից վեց օպերային պրեմիերա, մեկ նոր մանկական օպերա եւ երեք նոր բալետային բեմադրություն: Դրա հետ մեկտեղ թատրոնի գեղարվեստական ղեկավար Դոմինիկ Մեյերի թեթեւ ձեռքով նոր տարեշրջանում կարելի է սպասել ավելի շատ կին դիրիժորների ու ռեժիսորների:

«Ինձ թվում է, թե ճիշտ չէ, որ մեզ մոտ այսքան քիչ են կանայք՝ դիրիժորի վահանակի առջեւ կամ ռեժիսորի տեղում: Վիեննայի օպերայում կանանց աշխատանքը պետք է սովորական բան դառնա»,­-ասել է Վիեննայի օպերայի գեղղեկը՝ հանդես գալով ծրագրի շնորհանդեսին:

Նա հայտնել է, որ նոր տարեշրջանում թատրոնի դիրիժորական եւ ռեժիսորական կազմում կհայտնվեն կանանց նոր դեմքեր: Նոր տարեշրջանի առաջին պրեմիերան հոկտեմբերի 4-­ին կդառնա կոմպոզիտոր Ս.Ս.Պրոկոֆեւի «Խաղացողը» օպերան՝ չորս գործողությամբ, ըստ Ֆ.Մ.Դոստոեւսկու համանուն վեպի: Բեմադրության դիրիժորը կլինի Սիմոնա Յանգը, ռեժիսորը՝ Կարոլինե Գրուբերը:

Այս տարվա դեկտեմբերին թատրոնի խաղացանկը կթարմացնի Ալբան Բերգի «Լուլու» օպերան, 2018 թվականի փետրվարին՝ գերմանացի կոմպոզիտոր Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Արիոդանտե» օպերան, մարտի 24-­ին՝ Գոթֆրիդ ֆոն Էյնեմի «Դանտոնի մահը», մայիսի 12­-ին՝ Կամիլյա Սեն­Սանսի՝ Հին Կտակարանի սյուժեի հիման վրա գրված «Սամսոնը եւ Դալիլան» օպերան եւ հունիսի 11-­ին՝ Կառլ Մարիա ֆոն Վեբերի «Ազատ հրաձիգ» ռոմանտիկ օպերան:

Բացի այդ, գալիք տարվա հունվարին փոքրիկ հանդիսատեսների ուշադրությանը կներկայացնեն «Ալմա Դոյչերի «Մոխրոտիկը» օպերան: Հոկտեմբեր ամսից բալետի սիրահարները կկարողանան վայլելել երեք նոր բեմադրություն. հոկտեմբերի 31­-ին նրանց սպասում է բրիտանացի բալետմեյստեր Քենեթ Մաքմիլանի, խորեոգրաֆ Ուեյն ՄակԳրեգորի եւ Ֆրեդերիկ Աշթոնի աշխատանքների պրեմիերան:

2018 թվականի հունվարի 21­-ին կցուցադրվի Էդվարդ Քլուգի «Պեր Գյունտ» բալետը, իսկ հունիսի 29-­ին լեգենդար Ռուդոլֆ Նուրեեւի հիշատակի գալա երեկոն կավարտի Վիեննայի օպերայի բալետային տարեշրջանը:

Ընդամենը նոր տարեշրջանում կցուցադրեն 54 օպերա, ինը բալետ, չորս մանկական բեմադրություն, կանցկացվեն համերգային այլ միջոցառումներ: 45 ներկայացումները կարելի կլինի դիտել Համացանցի միջոցով՝ ժամանակի իրական ռեժիմով: Բացի այդ, Վիեննայի օպերան կկատարի երկու հյուրախաղային ուղեւորություն՝ Աբու Դաբիում՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ժուան» եւ Ֆրանսիայի Էկս­ան­ Պրովանսում՝ «Ֆիգարոյի հարսանիքը» բեմադրություններով:

Գեղարվեստական ղեկավարը նաեւ հայտնել է, որ Ավստրիայի գլխավոր երաժշտական հարթակի հաճախելիության մակարդակն անցյալ տարվանից աճում է աննախադեպ տեմպերով: Սակայն, նրա խոսքով, տոմսերի գները չեն բարձրանա: Թատրոնում նշել են, որ 2017­-2018 թվականների տարեշրջանի ներկայացումների տոմսերի վաճառքն արդեն հասանելի է Վիեննայի օպերայի պաշտոնական կայքում, հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս