Բաժիններ՝

Սպառողները որոշ ապրանքներ կարող են հետ վերադարձնել գնելուց հետո 14 օրվա ընթացքում

Կառավարությունը փոփոխություն և լրացում կատարեց «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում, որով վերանայվում են պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու սպառողի (գնորդի) իրավունքը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ հստակեցվել են վերադարձման կամ փոխարինման ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքներին ներկայացվող պահանջները:

«Ըստ այդմ՝ հստակ սահմանվել է պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում սպառողի վերադարձնելու իրավունքը: Իհարկե, կան բացառություն հանդիսացող ապրանքներ: Դրանց թվում են սննդամթերքը և դեղորայքը, այնպիսի ապրանքները, որոնք տեղափոխման ընթացքում կարող են փոխել իրենց որակական հատկանիշները: Ապրանքը չի կարող վերադարձվել, երբ դրա պատրաստումը եղել է անհատական»,-  ասաց նախարարը՝ ավելացնելով, որ որոշումը կնպաստի սպառողների իրավունքներն ավելի ամրապնդելուն և հստակեցնելուն:

Վերադարձման ենթակա ապրանքներից են՝ պարֆյումերակոսմետիկական ապրանքները, բացառությամբ օծանելիքի, բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորները, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքները (ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն), մալուխային արտադրանքը (լարեր,քուղեր, մալուխներ և այլն), շինարարական և վերջնամշակման նյութերը (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ, տրիկոտաժե սպիտակեղենը, գուլպեղենը, կահույքը և այլն:

Կառավարության որոշմամբ հաստատվեց էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված էլեկտրոնային ձևով գնումների կատարման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված: Միաժամանակ հաշվի առնելով, որ ներկայումս հնարավոր է ընդլայնել էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով կազմակերպվող գնումների շրջանակը, որոշմամբ նախատեսվում է նաև օրենքի իմաստով պատվիրատու հանդիսացող պետության կամ քաղաքային համայնքների կամ պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամների կամ ձևավորված միավորումների (միությունները) և պետական ոչ առևտրային կամ պետության՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով վերակազմավորված հիմնադրամների կողմից իրականացվող գնումները ևս իրականացնել էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս