«Բացառում եմ բուռն հետընտրական զարգացումները Հայաստանում, ինչը կարևոր է». Զատուլին
«Ներքաղաքական անկայունությունը նախ՝ որևէ երկրի շահերից չի բխում, առավել ևս՝ Հայաստանի, որը չկարգավորված հակամարտություն ունի, ինչն իր հերթին՝ քաղաքական ուժերին ողջամտություն պետք է հաղորդի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրություններին։
Նա դրական գնահատեց այն հանգամանքը, որ ՀՀ-ի նոր, ինովացիոն Ընտրական օրենսգիրքն արդարացրեց իրեն, որի պայմաններում ընտրախախտումներն օրերս անցկացված խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում հատուկենտ բնույթ կրեցին։ Զատուլինի խոսքով՝ եղան ընտրախախտումների մասին մի շարք հաղորդագրություններ, սակայն դրանք այն ծավալի և դեռևս չհաստատված հաղորդագրություններ էին, որոնք ըստ էության չանդրադարձան ընտրությունների արդյունքների վրա։ Սա, նրա որակմամբ՝ նվազագույնի է հասցնում հետընտրական ֆորսմաժորային զարգացումների հնարավորությունը, քանի որ հասարակությունը կատարել է իր ընտրությունը՝ հօգուտ 4 քաղաքական ուժերի։
«Դատելով ներկայիս իրավիճակից, բոլոր քաղաքական ուժերի հետընտրական հայտարարություններից, բացառում եմ բուռն հետընտրական զարգացումները Հայաստանում, ինչը չափազանց դրական հանգամանք է, քանի որ ներքաղաքական անկայունությունը նախ՝ որևէ երկրի շահերից չի բխում, առավել ևս՝ Հայաստանի, որը չկարգավորված հակամարտություն ունի, ինչն իր հերթին՝ քաղաքական ուժերին ողջամտություն պետք է հաղորդի»,- ասաց Կոնստանտին Զատուլինը։
Նա երկրի ներքին և արտաքին կյանքում բեկումնային փոփոխություններ չի ակնկալում՝ հաշվի առնելով այն ուժերի ցանկը, որոնք կհայտնվեն վեցերորդ գումարման խորհրդարանում։ Ավելին, ըստ նրա, ՀՀԿ-ն կայուն հաղթանակ գրանցեց, և իշխանության ձևավորման համար նրան նույնիսկ կոալիցիա անհրաժեշտ չէ, թեև Զատուլինը կարծում է, որ Դաշնակցության հետ Հանրապետականն այնուամենայնիվ կոալիցիա կկազմի և Հայաստանը, նրա որակմամբ, կշարունակի կայուն զարգացման ուղիով ընթանալ։
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանն ու հայ-ռուսական հարաբերություններին՝ Զատուլինը երկկողմ հարաբերությունները «բարձր մակարդակի» որակեց բոլոր ոլորտներում։
«Մեր հարաբերությունները շատ բարձր են ինչպես՝ երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում, այնպես էլ՝ տարածաշրջանային խնդիրներում։ Օրեր առաջ Երևանում ևս ասել եմ, որ մեր հարաբերություններում Հայաստանին անհանգստացնում է միայն Ռուսաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։ Ռուսաստանն ապրիլյան սրացումից հետո փորձել է վերացնել հայկական կողմի կասկածները, մտավախությունները՝ Հայաստանի հետ ամրապնդելով անվտանգության համակարգերը ՀԱՊԿ-ի շրջանակում»,- ասաց Զատուլինը՝ վստահեցնելով, որ Հայաստանը տարածաշրջանում Ռուսաստանի ամենավստահելի գործընկերն է, որի համար Ռուսաստանն այդ քայլերին է դիմել։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել, ինչը բազմիցս իր ելույթներում հաստատում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, թեև ռուսական միջնորդական ջանքերի վերաբերյալ բազում շահարկումներ են հնչում։
«Ռուսաստանը շարունակում է աշխատել իր արևմտյան գործընկերների հետ, թեև կարծիքներ են հնչում, որ Ռուսաստանն առանձին ծրագրեր է փորձում առաջ տանել կարգավորման գործընթացում։ Ռուսաստանը պարզապես փորձում է, օգտագործելով իր առանձնահատուկ կապերը երկու երկրների հետ՝ բանակցությունների վերսկսման եզրեր գտնել»,- ասաց Զատուլինը։